Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստի ընդմիջումից հետո Ժիրայր Սեֆիլյանը նիստին ներկա իր աջակիցներին հորդորեց վանկարկել «Սասնա ծռեր»:
«Չե՞ք լսում, Սաս-նա, ծը-ռեր»,- ասաց Սեֆիլյանը, ու հավաքվածներն իրենք շարունակեցին այդ վանկարկումներով ու այնքան բարձր, որ մի կերպ հնարավոր եղավ լսել նախագահող դատավորի ձայնը:
Դատարանը որոշեց մերժել փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ նախագահող դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու մասին՝ անհիմն լինելու պատճառով:
Դատարանի հաջորդ որոշումը վերաբերում էր ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին երեք ժամով նիստերի դահլիճից հեռացնելուն: Պատճառը Գեւորգ Սաֆարյանի՝ նստած հայտարարություն անելու փորձն էր: «Տիկին դատավոր, ամբաստանյալը դիմում է ձեզ»,- նախագահող դատավորին էր դիմում Գեւորգ Սաֆարյանը, որին դատարանը թույլ չտվեց հայտարարություն անել՝ պարզաբանելով, որ կանգնած կարող է հայտարարություն անել:
Նիստին ներկաները կրկին սկսեցին վանկարկել «Սասնա ծռեր»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ