Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ պատշաճ դատավոր եք». Սեֆիլյանի ու մյուս ամբաստանյալի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին

Հունիս 13,2017 15:41

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր ուշացումով սկսվեց: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը գործով ներգրավված փաստաբաններին պարզաբանեց, որ որպես դատարան մուտք գործող անձինք իրենք պարտավոր են ենթարկվել կարգադրիչների պահանջին՝ արտաքին զննության մասին:

Հիշեցնենք, որ փաստաբաններից մի քանիսն այսօր հրաժարվեցին կարգադրիչների պահանջին՝ արգելելով զննել իրենց պայուսակները:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ վերջինս աշխատանքային այնպիսի ծանրաբեռնվածություն ունի, որ ժամանակ էլ չունի այս գործը ըստ պատշաճի ուսումնասիրել:

Նա նույնիսկ ներկայացրեց դատավորի գործերի քանակն ու իր կատարած հաշվարկը, թե ինչքան քիչ ժամանակ դատավորն ունի, ապա դժգոհեց, որ իր պաշտպանյալին վերաբերող դատավորի որոշումները կասկած են հարուցում, որ դատավորը կարող է անկողմնակալ լինել, հիշեցրեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշումն էլ չի հիմնավորել, այդ կերպ չհարգելով օրենքը:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միացավ ինքնաբացարկի միջնորդությանը եւ հավելեց. «Ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ օբյեկտիվ տեսանկյունից ոչ պատշաճ դատավոր եք»:

Նա նկատեց, որ իր գործընկեր փաստաբան Պապիկյանը ճիշտ հաշվարկ է ներկայացրել դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ. «Հետեւաբար, չէիք կարող մի քանի վայրկյանում ուսումնասիրել այս գործը, դա նշանակում է, որ այս գործը հերթական չուսումնասիրված գործն է, եւ դուք, չնայած դրան՝ դատավարական որոշումներ եք կայացրել, խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշումներ եք կայացրել: Դուք չեք կարող դիտվել, որպես անաչառ դատավոր, հնարավոր չէ մի քանի վայրկյանում ուսումնասիրել գործի բոլոր նյութերն ու պատշաճ դատաքննություն անցկացնել»:

Նա հայտնեց, որ նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ինքն էլ է բերել, կներկայացնի ավելի ուշ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու:

Դահլիճում նստածներն էլ միացան փաստաբանների միջնորդությանը ծափահարություններով ու իրենց ավանդական կարգախոսներով՝ մահ ռեժիմին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար: Բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930