Aravot.am-ի հետ զրույցում «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ, Երեւանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Երկիր Ծիրանի» կուսակցության այսօրվա հայտարարության մեջ նշված դիտարկմանը, թե «Երեւանի քաղաքապետարանում` Բաղրամյան 26-ի «երդմնակալությանը»(նկատի ունեն՝ Տարոն Մարգարյանի երդմնակալությանը,-խմբ.) ներկա գտնվելու եւ մասնակցելու իրողությունները գաղտնազերծում են բռնակալական ռեժիմի՝ գործուն ընդդիմադիրի անվան տակ քողարկված սպասարկուներին (նկատի ունի «ԵԼՔ» դաշինքին,-խմբ.)»:
Տիգրան Ավինյանը նկատեց. «Տիկին Փոստանջյանն արդեն որերորդ անգամ ինքն իր խոսքերին է հակասում: Նախկինում նա մեզ մեղադրում էր ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթը բոյկոտելու մեջ եւ ասում, որ հենց նրա ներկայությամբ պետք է գնալ եւ չգիտես ինչեր անել, հիմա էլ հակառակում է մեզ մեղադրում…Անկեղծ ասած՝ իր տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է, այլ ասելիք չունեմ»:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ «Երկիր Ծիրանիի» հայտարարության հետեւյալ հատվածը. «ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ դահլիճում չգտնվելու միջոցով «ԵԼՔ»-ը լռակյաց ընդունեց հայրենի բնօրրանի տարածքների հանձնման պատրաստակամությունը»:
Տիգրան Ավինյանն ասաց՝ մեկնաբանելը դժվար է, որովհետեւ Զարուհի Փոստանջյանի տրամաբանությունը ընկալելն այս դեպքում էլ է դժվար:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանիի» մեկ այլ համոզմունքին, թե «ԵԼՔ»-ի կողմից «Սասնա ծռեր» հերոսախմբի գործողություններում քրեական հանցակազմ տեսնել մասն է կազմում Բաղրամյան 26-ի հաճախորդաց սցենարի», Տիգրան Ավինյանի խոսքով. «Նման հիմար հայտարարությունները չեն կարող մեկնաբանվել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ