ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով:
Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ սպանության փորձի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով տուժող Արման Ավագյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Մ. Զադոյանին հանիրավի մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու և ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, Ա. Ավագյանը հաղորդում է տվել, որ հիշյալ քննիչն իր հարցաքննության արձանագրությունում կեղծ ժամեր է թվագրել և ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Բացի այդ, Ա. Ավագյանը Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ քննիչ Մ. Զադոյանի կողմից կազմված հարցաքննության արձանագրությունը փոխված է, քանի որ դրանում առկա ստորագրություններն ու եզրափակիչ մասի գրառումներն իր կողմից չեն կատարվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում դատաձեռագրային փորձաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հերքվել են Ա. Ավագյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին և քննիչին հանիրավի մեղադրել պաշտոնեական կեղծիք կատարելու և ապացույց կեղծելու մեջ:
Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնության փաստով հարուցված ևս մեկ քրեական գործի նախաքննություն: Հիշյալ գործի քննությամբ հիմնավորվել է, որ ակնհայտ սուտ մատնություն է կատարել Վահան Խաչատրյանը` ոստիկաններին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության` խոշտանգում կատարելու մեջ: Վ. Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ 2017 թվականի հունվարի 25-ին բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ մի խումբ ոստիկաններ իրեն ծեծի ենթարկելով` ստիպել են իրականությանը չհամապատասխանող բացատրություն տալ ընկերոջ կողմից ապօրինի թմրամիջոց իրացնելու դեպքերի վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում ինքնախոստովանական ցուցմունքներով, հերքվել են նաև Վ. Խաչատրյանի հաղորդած տեղեկությունները: Պարզվել է, որ վերջինս նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել տեղի չունեցած հանցագործությունների մասին` ընկերոջը օգնելու և քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով: Քննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանները Վ. Խաչատրյանի նկատմամբ բռնություն չեն գործադրել, և վերջինս հանիրավի է նրանց մեղադրել խոշտանգում կատարելու մեջ:
Ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Վ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված մի շարք քրեական գործեր դեռևս նախաքննության փուլում են: Դրանցից մեկը դարձյալ հարուցվել է ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, Ա. Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները 18.02.2017թ.-ին` Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն տեղափոխելու ճանապարհին բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության և կատարված մի շարք այլ քննչական գործողությունների արդյունքում, այդ թվում ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ ոստիկանության աշխատակիցները հիշյալ քաղաքացուն չեն ծեծել և բռնություն չեն գործադրել, վերջինս պաշտոնատար անձանց հանիրավի է մեղադրել ծանր հանցագործություն կատարելու մեջ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն