Տեղեկացրել էինք , որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 8-ին նախատեսված էր Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը, որ նվիրվում էր բալետի ստեղծման եւ առաջնախաղի 75-ամյակին, սակայն ներկայացումը տապալվել էր, քանի որ նվագախմբի արտիստները հրաժարվել էին ելույթ ունենալ:
Aravot.am-ը նվագախմբի վարիչ Գարեգին Սիմոնյանից հետաքրքրվեց` իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում հրապարակված ու նաեւ «Առավոտի» էլեկտրոնային փոստով ստացված այն տեղեկությունը, որ «Գայանեի» տապալման նախաձեռնողներից մեկը նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանն է, որը նման քայլի է դիմել աշխատանքից ազատված ընկերոջ` թատրոնի արդեն նախկին փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի համար:
«Գայանե Աբրահամյանը այդ ամենի հետ կապ չունի: Ի դեպ շատերն այդ օրը հետաքրքրությունից էին դուրս եկել, որ տեսնեն ինչ է կատարվում, եւ տպավորություն էր ստեղծվել, թե ամբողջ նվագախումբ է դրսում»,- պարզաբանեց Գարեգին Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է այն վարկածին, թե Գայանե Աբրահամյանի նախաձեռնությամբ է կատարվել ներկայացման տապալումը` ի պաշտպանություն Հրաչ Գրիգորյանի, Գարեգին Սիմոնյանը պատասխանեց. «Անձամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»:
Aravot.am-ը կապվեց նաեւ Գայանե Աբրահամյանի հետ` մեկնաբանության ակնկալիքով: Տիկին Աբրահամյանը պատասխանեց, որ հուղարկավորման արարողության է մասնակցում եւ որեւէ հարցի չի կարող պատասխանել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ