Արցախի Քաշաթաղի շրջանում անցած տարվա աշնանը և այս գարնանը կատարվել է ընդհանուր 20081հա հացահատիկի ցանքս. ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Հունիսի 5-ից արաքսամերձ հարթություններում սկսվել է գարու բերքահավաքը: Ըստ շրջվարչակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2017թ. հունիսի 12-ին հնձվել է 360հա գարու արտ՝ 30,3ց/հա բերքատվությամբ: Ստացվել է 1090տ բերք:
Այս օրերին բերքահավաքն իրականացվում է նաև Աղաձոր գյուղի՝ Թովմասարում գտնվող արտերում, պետական պահուստային ֆոնդի ցանքատարածքներում և այլ տեղերում: Արտերում աշխատել են 37 կոմբայն, որից 11-ը բերվել է Սյունիքի մարզից:Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր կատարվել է 1100հա գարու հունձ: Ստացվել է 3454տ բերք՝ 31,4ց/հա բերքատվությամբ:
Բերքահավաքն անկորուստ և ժամանակին իրականացնելու նպատակով Իշխանաձոր գյուղում գործում է հակահրդեհային շուրջօրյա շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Արտերին մոտ ստեղծվել է 3 հակահրդեհային հենակետ, որտեղ նույնպես շուրջօրյա հերթապահություն է իրականացվում հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցների և համայնքների բնակիչների մասնակցությամբ: Մոտակա օրերին հենակետերի թիվը կավելանա ևս երկուսով:
ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի ՓԾ բաժնի պետ Քերոբ Մովսեսյանը տեղեկացրեց, որ այս օրերին արտակարգ որևէ դեպք չի գրանցվել, բերքահավաքի աշխատանքներն ընթանում են նախատեսած կարգով:
Բերքահավաքին զուգահեռ՝ կատարվում են գյուղատնտեսական այլ աշխատանքներ ևս: Ըստ գյուղվարչության տեղեկանքի՝ այս օրերի դրությամբ շրջանում կատարվել է 214հա եգիպտացորենի ցանքս: Տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի, բոստան-պարենի, առվույտի, կորնգանի, հատիկաընդեղենի ընդհանուր գարնանացանը կազմում է ավելի քան 1240հա: Այս գարնանը կատարվել է նաև յուղատու բույսերի ցանքս: 4 համայնքում ընդհանուր ցանվել է 63,5հա կտավատ, որից 35-ը՝ հյուսիսային թևի Մոշաթաղի գյուղական համայնքում: Այստեղ կատարվել է նաև 55հա կորնգանի ենթացանքս: Հարավային Գետափի գյուղական համայնքում իրականացվել է հնդկացորենի 4հա ցանքս:
Համեմատած անցած տարիների՝ 2017-ին մեծ է նաև արևածաղկի ցանքսը՝ ընդհանուր՝ 79, 7հա, որից 70-ը՝ ՊՊՖ տարածքներում: Հունիսի 1-ին տեղացած կարկտի պատճառով մոտ 400հա ցանքատարածք վնասվել է 50-100 տոկոսով։ Բնական տարերքը հիմնականում վնասել է Ծաղկաբերդի գյուղական համայնքի գարու և ցորենի արտերը:
Զոհրաբ Ըռքոյան