Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհրդի» աշխատանքային խմբի փորձագետների առաջին հանդիպումն էր ԱԺ-ում:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ խորհուրդը ստեղծվելու է 5 տարի ժամկետով՝ մինչեւ հաջորդ գումարման ԱԺ:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը հիշեց, թե 1990-ին, երբ Գերագույն խորհուրդն էին ստեղծում, ինչպես են ուսումնասիրել տարբեր երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիազորությունների մակարդակը: Կան երկրներ, որտեղ հանձնաժողովը կարող է դեսպանի նշանակման հարցում վետոյի իրավունք ունենա, կան երկրներ, որտեղ հանձնաժողովը նույնիսկ բյուջեի հարցում որեւէ ազդեցություն չունի: Իգիթյանը նշեց, որ այս խորհրդի նպատակը պետք է լինի ՀՀ-ի շահերը պաշտպանել՝ աշխատանքը միջազգայնացնելու միջոցով. «Մենք կարող ենք հավաքվել այստեղ, սուրճ էլ խմենք, հետաքրքիր լինի, բայց կարող են խորհրդի աշխատանքները բերել միջազգային տեսքի»:
Թեւան Պողոսյանն ասաց, որ մեր շահերը դոնորների միջոցով չենք կարող պաշտպանել, մեր միջոցներով պետք է արվի:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասաց՝ «Ինչի՞ համար ես պիտի գամ ձեզ օգնեմ, հարց է առաջանում: Մենք բոլորս ունենք մեր գործը, երբ պետք է՝ շփվում ենք, հրավիրում ենք իրար սեմինարների, ելույթ ենք տալիս, ժպտում ենք, չենք ուզում՝ չենք ժպտում, սա նորմալ երեւույթ է: Հիմա դուք պետական կառույց եք, ասում եք՝ եկեք մեզ օգնեք: Ինձ համար պարզ չի՝ ինչի՞ պիտի ձեզ օգնեմ: Ինչո՞ւ չեք կարդում մեզ, կամ եթե կարդում եք, ի՞նչ եք ուզում մեզանից: Ինչի՞ համար, այստեղ պետք է պարզություն մտցնենք: Շատ էական է, որ պառլամենտում լինեն մարդիկ, որոնք շահագրգռված են»:
Ըստ Մանվել Սարգսյանի, պետք է մեխանիզմ ստեղծել. «Եթե ձեզ պետք է մի բան, սկզբում համոզեք, որ այսքան մարդկանցից որեւէ մեկը դա հետաքննի, երկրորդը՝ հարցրեք, ձեզ կպատասխանեն, երրորդը՝ մտածեք, թե ինչով եք հատուցելու այդ մարդուն: Դե հա, շնորհակալ ենք, կներեք, փող չկա, հանուն ազգի…էդ էլ է համոզիչ, բայց մեխանիզմ է պետք»:
Արմեն Աշոտյանի այն կոչին, որ էնտուզիազմով պետք է աշխատել՝ Մանվել Սարգսյանը չի համաձայնում: Ստյոպա Սաֆարյանն էլ տեղից բարձրաձայնեց՝ «Էնտուզիազմով տուն չեն պահում»:
Մանվել Սարգսյանն ասաց, որ փորձագետները ազատ մարդիկ են ու հարց է՝ ընդհանրապես ովքե՞ր են լինելու այդ մարդիկ, որ իրենց վրա պատասխանատվություն են վերցնելու մի բան իմանալով՝ դա գնան իրականացնեն. «Ես ինչո՞ւ պիտի մարդուն մի բան ասեմ, որ մարդը կարող է այդ բանը տանի հակառակը: Ի՞նչ գարանտիաներ կան այս ամեն ինչի մեջ: Պատասխանատվության հարց է, այդ մարդը ի՞նչ գարանտիաներ՝ երաշխիքներ է տալիս էքսպերտին, որ հետո այդ գաղափարը չի շուռ տա հենց այդ էքսպերտի գլխին»:
Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Մանվել Սարգսյանին կարդում են, դրա համար էլ հրավիրել են. «Իմ մոտիվացիան ընդհանուր է՝ հանուն երկրի, մյուս մոտիվացիան այն է, որ պառլամենտը զարգանա եւ ավելի լավ աշխատի, երրորդ մոտիվացիան էլ կներեք, նաեւ փորձագիտական է՝ գրել ոչ միայն թղթի ու դարակի, գրադարանի համար, այլ՝ գրածի աշխատանքները փորձել տեսնել»:
Ըստ Աշոտյանի, գիտնականները, փորձագետները իրենց պետք է լավ զգան, որ իրենց միտքը կիրառվի. «Կներեք, այնպես չի, որ դուք մենակ իմ խաթր եք այստեղ լինելու եւ ՀՀ-ի, ուզում եմ այստեղ ամեն մեկդ գտնեք ձեր հետաքրքրությունը: Օրինակ, ինձ համար հաճելի էր շատերիդ հետ այստեղ շփվելը, դա իմ մոտիվացիան է: Ձեր մոտիվացիոն դաշտը դուք կտնօրինեք անձամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ