Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվելիք «Անալիտիկ» խորհրդի առաջին հանդիպումն էր, որին մասնակցում էին քաղաքագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ:
ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ «Եթե այդ խորհուրդը նույնն է լինելու, ինչ մենք ամեն այսօր անում ենք մեր ինստիտուտներում՝ սրանից բան չի փոխվի, երկու կողմն էլ պետք է շահագրգռվածություն ունենան: Ի վերջո ինչքանո՞վ է այս աշխատանքը իմաստ ունենալու երկու կողմի համար»:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ Գերագույն խորհուրդն ունեցել է փորձագիտական փաթեթ՝ ԼՂ-ի հարցով. «Դա եղել է ՀՀՇ-ի ժամանակ, երբ իմ կարծիքը անպայման չի համընկներ իշխանության պաշտոնական կարծիքի հետ Արցախի հարցում: Այդ փաթեթը հանձնվել է ամեն մեկին՝ ԵԱՀԿ-ի բոլոր պատվիրակությունների անդամներին, որոնք գալիս են այստեղ: ՀՀ-ում կա այդպիսի խնդիր, որ փորձագիտական կարծիք տարածվի եւ այն լինի ոչ թե անպայման համընկնող քաղաքականության հետ, այլ դա լինի փորձագիտական»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը գտնում է, որ երազներ պետք չի ունենալ, եթե այս «Անաիլիտիկ» խորհրդի մասնագետների 10 խորհրդից մեկն էլ իրականանա, դա կարելի է շատ լավ արդյունք համարել. «Եկեք շատ մեծ սպասելիքներ չունենանք, բայց ես անհրաժեշտ եմ համարում այս կառույցի ստեղծումը»:
Հանդիպումից հետո մենք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ փորձագետներին փող չե՞ք տալու, ասում են՝ էնտուզիազմով տուն չենք պահի՝ նա պատասխանեց. «Չէ, չենք տալու: Կպահեն էնտուզիազմով»:
Ստյոպա Սաֆարյանը կատակեց՝ ասում են էնտուզիազմով աշխատի, մի հատ կոֆե էլ չեն տալիս, ինչ անհյուրընկալ խորհուրդ է: Արմեն Աշոտյանն էլ կատակով պատասխանեց. «Լուրջ հարցերով հավաքվել ենք, ինչո՞ւ եք հիմա տրամադրություններս փչացնում: Մինչեւ չաշխատեն՝ ոչ մի կոֆե»:
Ի վերջո պարոն Սաֆարյանին ԱԺ-ում սուրճ հյուրասիրեցին՝ ասելով՝ մենակ մեզ խայտառակ մի արա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ