Երեկ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տարածաշրջանային այցի շրջանակներում մեկնել էին Ստեփանակերտ՝ հանդիպելու Արցախի Հանրապետության նախագահին եւ քննարկելու նրա հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Ինչպե՞ս է անցել հանդիպումը, ի՞նչ ակնկալիքներ ունի Ղարաբաղյան կողմը համանախագահների հերթական այցից։ Հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ
-Վերջերս հաճախ կարելի է լսել, թե հայկական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը՝ կտրուկ է դնում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը ներկայացնելով դա որպես նախապայման բանակցությունները շարունակելու համար։ Ադրբեջանը չի՞ փորձի դրանից օգտվել՝ մե՛զ մեղադրելով բանակցությունները «տապալելու» մեջ։
-Չէի ասի, թե հայկական կողմի դիրքորոշումը կոշտացել է, հատկապես եթե համեմատելու լինենք Ադրբեջանի մերժողական դիրքորոշման հետ, որի «ջանքերի շնորհիվ» փակվեց ԵԱՀԿ վերջին ներկայացուցչությունը Հարավային Կովկասում։ Սա հարված է ոչ միայն ԵԱՀԿ-ին, այլեւ Մինսկի խմբի համանախագահությանը, որովհետեւ Մինսկի խումբը, ի վերջո, գործում է հենց ԵԱՀԿ հովանու ներքո։
Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը, որում հստակ նշված էր, որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, ինքնին արդեն ցույց է տալիս՝ ով է կոշտ եւ անզիջում քաղաքականություն վարում տարածաշրջանում։ Եվ Բակո Սահակյանը համանախագահների հետ հանդիպման ժամանակ ողջունեց այդ հայտարարությունը՝ շեշտելով դրա կարեւորությունը։
Մենք կոշտ դիրքերից հանդես չենք գալիս, միաժամանակ արձանագրում ենք՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն, եւ համանախագահները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն դրանց իրականացման՝ իմպլեմենտացիայի ուղղությամբ։ Հակառակ դեպքում գործընթացը դառնում է ինքնանպատակ, արհեստականորեն երկարաձգվում՝ որեւէ արդյունք չտալով։
Կա պայմանավորվածություն՝ պայմաններ ստեղծել շփման գծի մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու եւ միջադեպերի լիարժեք հետաքննության համար, որը շատ հեշտ է կատարել. սա ոչ թե քաղաքական, այլ զուտ տեխնիկական խնդիր է, որ Ադրբեջանը քաղաքականացնում է՝ ներկայացնելով դա որպես քաղաքական խնդիր։ Որովհետեւ ինքն է խախտում զինադադարի ռեժիմը եւ չի ուզում՝ հետաքննության մեխանիզմները ներդրվեն, որպեսզի ստիպված չլինի պատասխան տալ, բացատրել՝ ինչու չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները։
-Նշեցիք, որ թիրախավորում են ձեր դաշտերն ու այգիները, բայց արի ու տես, որ «գողը գոռում է՝ բռնեք գողին» սկզբունքով փորձում են Արցախին վերագրել այդ ահաբեկչական գործելաոճը՝ հայտարարություն են տարածել, թե հայկական ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի ցանքատարածությունները։
-Պաշտպանության բանակն արդեն հերքել է այդ ապատեղեկատվությունը՝ հայտարարել է, որ բերքահավաքն արդեն ավարտված է, եւ իրենք են հրկիզում իրենց դաշտերը։ Այդ ամենը տեսագրվում է, եւ տեսանյութերում շատ հստակ երեւում է, թե ինչպես են կրակում եւ հրդեհում մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները, որ պոստից, ինչ ուղղությամբ։
Սրանք փաստեր են, որ ամեն պահի կարող ենք ներկայացնել միջազգային հանրությանը։ Այդ մասին խոսվել է նաեւ համանախագահների հետ հանդիպման ժամանակ։ Այսինքն՝ մենք մերկապարանոց հայտարարություններ չենք անում, ինչպես իրենք՝ մեզ մեղադրելով հնարավոր եւ անհնար բոլոր հանցագործությունների մեջ, եւ չբերելով որեւէ համոզիչ փաստ կամ փաստարկ, որը կհիմնավորեր ասվածի իսկությունը։
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում