Քաշաթաղի հանրակրթական 52 դպրոցներից 48-ում 2016-2017 ուստարում ընդհանուր սովորում են 181 իններորդ դասարանցի: Հունիսի 12-ին նրանք ավարտական-կենտրոնացված քննություն հանձնեցին մաթեմատիկա առարկայից:
Շրջանում ձևավորվել էր 6 քննական կենտրոն՝ ըստ ենթաշրջանների: Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցում քննություն հանձնեցին նաև Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, Քարեգահի, Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվ., Աղավնոյի Գ. Նժդեհի անվ., Աղանուսի Արսեն Հակոբյանի անվ., Մշենիի, Հոչանցի Ալվարդ Վարդանյանի անվ. և Արվականի միջնակարգ ու հիմնական դպրոցների իններորդցիները:
Կենտրոնի ղեկավար, հյուրընկալող դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը տեղեկացրեց, որ ընդգրկված դպրոցների թվով 56 աշակերտները ներկայացել են ժամանակին: Հավելեց նաև, որ ամենաշատը՝ 18-ական աշակերտ ունեն Բերձորի 2 դպրոցները:
Արցախի Հանրապետության ԿԳՍՆ ԳԹԿ ներկայացուցիչ Սևակ Բեգլարյանի, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանի, ինչպես նաև տարբեր դպրոցների ներկայացուցիչ-կազմակերպիչների ներկայությամբ շրջանավարտներին բացատրվեց քննության կանոնակարգը, 2 աշակերտ բացեցին հարցաթերթիկների ծրարը:
Կրթության և սպորտի բաժնի վարիչը տեղեկացրեց, որ քննական կենտրոններ են գործել նաև շրջանի հյուսիսային Մոշաթաղի և Վարդուտի դպրոցում՝ յուրաքանչյուրում 20 աշակերտ: Հարավային թևում Ողջիի հովտի դպրոցների իններորդ դասարանների ընդհանուր 27 աշակերտները քննություն հանձնեցին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվ. միջնակարգում: Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ. միջն. դպրոցում քննություն հանձնեցին Հակարիի ներքին հոսանքի և Որոտանի հովիտների բնակավայրերի դպրոցների իններորդ դասարանների 39 աշակերտները: Այս կենտրոնում ամենաշատ՝ 13 իններորդ դասարանցի կա Հայկազյանի Հայկազ Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում են նաև հարևան Որոտան քաղաքի դպրոցականները: Վուրգավանի դպրոցը վեցերորդ քննական կենտրոնն էր՝ 8 կրթօջախի 17 աշակերտների ընդգրկմամբ: Բոլոր կենտրոններում, բացառությամբ Մոշաթաղի, քննություններին հետևել են ԳԹԿ ներկայացուցիչները: Արդյունքների մասին կհայտնվի մի քանի օրից:
Այս ուստարում իններորդցիներն ավարտական քննություն հանձնելու են 7 առարկայից: ԿԳՍ բաժնի վարիչը տեղեկացրեց, որ հունիսի 15-ին ռուսաց լեզվից, 19-ին բնագիտական առարկաներից, իսկ 22-ին հայոց պատմությունից աշակերտները քննություններ են հանձնելու իրենց դպրոցներում:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ