Թարգմանիչ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Վահե Արսենի հետ զրուցել ենք գրականության ազդեցության, դերի, գրականության եւ իրականության փոխհարաբերությունների, ժամանակակից գրական կյանքի վայրիվերումների մասին:
– Համաշխարհային գրական ընթացքից հե՞տ ենք մնացել։
– Հետ չենք մնացել, շա՜տ հետ ենք մնացել։ Միայն կրոնական հենքի վրա կառուցված գրականությունն է, որ ժամանակից առաջ է ընկել, օրինակ, Նարեկացին, Քուչակը, բայց մյուսները, թեկուզ մեր լավագույն գրողները, համաշխարհային գրական ընթացքից հետ են մնացել։ Մեկը ուիթմենյան գծի շարունակողն է, մյուսը՝ սիմվոլիստների, մեկ ուրիշն էլ Ներուդայի ազդեցությունն է կրում։ Մենք 19-րդ դարի պոեզիայում Ուիթմեն չունենք, որ ինքն ուղղորդի համաշխարհային գրականությունը, լիովին նոր շունչ բերի։ Եվ հետո մենք անպայման պիտի հետո արժևորենք, կենդանության օրոք իրար չենք սիրում։ Սա էլ է խնդիր։ Անգամ եթե գրաքննադատը գիտի, որ սա է իրական գրականությունը, եթե անձնական խնդիր ունի գրողի հետ, երբեք չի բարձրաձայնի, կլռի։
– Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են գրականությունը և իրականությունը։
– Գրականությունն ինչ-որ տեղ և՛ արտացոլում է իրականությունը, և՛ կանխորոշում։ Որովհետև գրականությունը համընդհանուր հոգուց է սնվում, ինչպես Բոդլերն է ասում՝ գրողը միջնորդ է մարդկային հասարակության և գերագույն գիտակցության միջև, որն այդ հասարակության առաջ դնում է սիմվոլներ, որոնք ինքն էլ չի կարող գաղտնազերծել և լոկ թղթին է հանձնում։
– Ուղղակի կապ կա նաև տվյալ երկրի քաղաքականությա՞ն հետ։
– Եթե նեղ կուսակցական քաղաքականության մասին է խոսքը, իհարկե՝ ոչ, բայց եթե խոսում ենք պետության քաղաքականության, համաշխարհային քաղաքական պրոցեսների մասին, գրականությունն անչափ մեծ դեր ունի։
Բայց մեզ մոտ, կարծես, այդ կապը խզված է:
– Մեզ մոտ քաղաքականության կապն էլ է քաղաքականության հետ խզված։ Մեր քաղաքականությունն ինչպիսի՞ն է. ընտրությունների փուլեր ենք անվերջ անցնում, քաղաքական պայքար, քաղաքական զարգացումներ տեսնո՞ւմ եք։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում