«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի եւ եւս երկու անձի կալանավորումներից: Լուրերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, թե ով է իր մոտ եկել գումարի հարցով, եւ ինչ է ինքը ասել։
«Ժողովուրդ»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին առերեսում է տեղի ունեցել Վարդենիսի պետական քոլեջի ղեկավարի եղբոր՝ Հայկ Կարապետյանի եւ կաշառք տվող, Վարդենիս քաղաքի բնակիչներ Գալստյանների միջեւ։ Երբ ՀՔԾ քննիչները հարցրել են կաշառք տվող Գալստյաններին, թե ում են նրանք տվել գումարը, վերջիններս պնդել են, թե տվել են Հայկ Կարապետյանին։ Քննիչները Կարապետյանին հարցրել են, թե ինչ կասի նա այդ մասին, Կարապետյանը ասել է, որ ասելու բան չունի եւ լռել է։
Ըստ «Ժողովրդին» հասած տեղեկությունների՝ Գոռ Գալստյանի ծնողները այս ընթացքում, բացի Հայկ Կարապետյանից, այլեւս ոչ ոքի հետ չեն առերեսվել։ Նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ ո՛չ դատարանի նախագահին, ո՛չ նրա վարորդին, ո՛չ դատավոր Վարդանյանին, ո՛չ էլ դատախազ Շմոյանին չեն ճանաչում եւ երբեք գումար չեն տվել։ Նրանք ցուցմունք են տվել, որ իրենց որդուն՝ Գոռ Գալստյանին ազատելու համար գումար են տվել Հայկ Կարապետյանին, որ նա էլ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի վարորդի միջոցով պետք է այն տար դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին։
Հետաքրքիրն այն է, որ Գոռ Գալստյանի ծնողները քննիչներին տեղեկացրել են, որ իրենց երեխային ազատելու համար գումար են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի բարեկամին՝ ոմն Մարատին, որպեսզի նա տաներ, տար դատախազ Շհոյանին՝ խնդրելով իրենց երեխային չկալանավորել, սակայն այդ գումարը տեղ չէր հասել։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում