Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարող եք 10 բան իրար գումարել, բայց ի վերջո չունենալ մեկ ամբողջական որեւէ բան». Տ. Թորոսյանը՝ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների մասին (Տեսանյութ)

Հունիս 13,2017 13:06

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրավիրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվող «Անալիտիկ» խորհրդի անդամների առաջին հանդիպմանը:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քիչ թե շատ կայացած երկրներում պետական մարմինները գործում են ակտիվ համագործակցությամբ գիտահետազոտական կենտրոնների հետ, առանց դրա արդյունավետ լուծում հնարավոր չէ ակնկալել. «Մեր խնդիրները չափազանց բարդ են եւ այստեղ պետք է մասնագիտական կարծիք: Իհարկե, չպետք է մտածել, որ մասնագետները պիտի ասեն, քաղաքական գործիչները կամ պետական պաշտոնյաները պիտի կատարեն: Այդպես չէ, բայց տարբերակները, հնարավորությունները պիտի անպայման ներկայացնեն մասնագետներ: Սա անհրաժեշտ է»:

Տիգրան Թորոսյանը նշեց, որ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում իրեն մեկանգամյա դասախոսության են հրավիրել, ինքը գնացել է եւ պատրաստ է ցանկացած կուսակցության հետ համագործակցել, եթե այդ կուսակցությունն իր մասնագիտական գիտելիքների կարիքը կունենա:

Ըստ պարոն Թորոսյանի, պետական եւ մասնագիտական կառույցները միասին պետք է փորձեն միմյանց աջակցելով կայանալ. «Հակառակ դեպքում մեր բոլոր կենսական, երկրի համար կարեւոր հարցերը կմնան թերի»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ներկայիս պատգամավորները փորձի պակաս ունեն եւ հաշվի առնելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի ենք անցել, որը կուսակցություններին ավելի մեծ դեր է տալիս, բայց այսօր կուսակցությունները դեռ խմորումների մեջ են՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Մեր երկրի երկու հիմնական խնդիրներն են, որոնցից բխում են մնացած խնդիրները՝ բազմակուսակցական համակարգի կայացման խնդիրը եւ մասնագիտական հանրության կայացման խնդիրը: Երբ սա ի վերջո գա իր տրամաբանական ավարտին, կարեւոր է, որ համագործակցություն լինի այդ երկու հատվածների միջեւ: Երկուսի լուրջ բացակայությունն էլ մեզ համար դառնում է շատ խնդիրների պատճառ»: Նա ասաց, որ աշխարհի անգամ այն խորհրդարանները, որոնք հարյուրամյակների փորձ ունեն, նորից մասնագիտական կառույցների հետ են համագործակցում. «Խնդիրն այն չէ, որ պատգամավորները դրա կարիքն ունեն, չունեն: Բնականաբար, պատգամավորները լրիվ այլ ճանապարհով են գալիս խորհրդարան, մասնագիտական գիտելիքների քննություն չի արվում, ոչ էլ պետք է արվի, քաղաքական կյանքը ուրիշ կանոններով է կառուցվում, բայց ցանկացած պետական կառույցի, այդ թվում՝ պատգամավորների համար կարեւոր է մասնագիտական աջակցությունը»:

Նա նշեց, որ մասնագետները չպետք է թելադրեն պատգամավորներին, լծակ չունեն թելադրելու, բայց եթե խելամիտ են, կլսեն նրանց:

Պե՞տք է կուսակցությունները խոշորացման ճանապարհով գնան՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Արհեստական ցանկացած լուծում որեւէ բան չի փոխելու: Կուսակցությունները պետք է կայանան: Խոշորացում, թվի կրճատում եւ այլն…Մի անգամ դա եղավ, երբ վերակազմավորում հայտարարվեց, նոր օրենք ընդունվեց եւ կարճ ժամանակ հետո թիվը էլի հասավ գրեթե 100-ի, բայց մեր քաղաքացիներին հարցրեք՝ քանի՞ կուսակցություն են ճանաչում՝ թեկուզ միայն անուններով: Եթե մեկ տասնյակ ճանաչում է, ուրեմն այդ մարդը հավանաբար մասնագիտական հարթությունից է, ոչ թե սովորական քաղաքացի»:

Տիգրան Թորոսյանը նշեց, որ այս անգամ ԱԺ-ում ավելի քիչ թվով կուսակցություններ հայտնվեցին ընտրությունների արդյունքում. «Ինձ համար ակնկալելի էր սա՝ հաշվի առնելով կուսակցությունների դիրքորոշումները, ծրագրերը, նաեւ մասնագիտական կարծիքի պակասը: Բազմաթիվ են խնդիրները»:

Դիտարկմանը, որ դաշինքներ ձեւավորվեցին եւ տարբեր մոտեցումներով անձինք համալրեցին, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը՝ Տիգրան Թորոսյանը արձագանքեց. «Գիտեք, կարող եք 10 բան իրար գումարել, բայց ի վերջո չունենալ մեկ ամբողջական որեւէ բան: Սա պարզ թվաբանությունից դուրս է: Շատ կարեւոր է, թե ինչն ինչի հետ ես համադրում եւ ինչ արդյունք ես ակնկալում: Ցավոք, ՀՀ-ում կուսակցությունները շատ մեծ ակնկալիքներ ունեն եւ շատ բարձր կարծիք ունեն իրենք իրենց մասին: Հաճախ, ցավոք, շատ մեծ պակաս ունեն գիտելիքների, մասնագիտական հմտությունների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930