ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են այցը տարածաշրջան։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի եւ հնարավոր զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է միջազգայնագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների փորձագետ, ազգությամբ ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկի հետ:
– Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ստատուս-քվոյի փոփոխություն է անհրաժեշտ։ Օրեր առաջ նման հայտարարություն եղավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Առաջիկայում կարո՞ղ ենք սպասել նման զարգացումների։
– Ստատուս-քվոն փաստացի 2016 թվականի ապրիլին արդեն փոփոխվել է։ Ստատուս-քվոն այն իրավիճակն էր, որում գտնվում էինք 1994 թվականից սկսած։ Սակայն 2016 թվականի ապրիլի 5-ից ստատուս-քվոն արդեն փոփոխվել է, քանի որ սահմանային փոփոխություններ են եղել։ Հետեւաբար իրավիճակը սրացված է, եւ ասել, որ ստատուս-քվոն պահպանվում է, սխալ է։ Հարցն այժմ այլ է. արդյոք հնարավոր՞ է նոր տարածքային փոփոխություններ։ Ադրբեջանն ուղիղ եւ հստակ ասում է, որ ստատուս քվո չկա։
– Իսկ առաջիկայում ի՞նչ կարող ենք սպասել։ Լայնամասշտաբ պատերազմի հավանականություն առկա՞ է:
– Պատերազմը հիմա միշտ հնարավոր է, պրովակացիաները եւս հնարավոր են, եւ հենց դրանք են բերում պատերազմի։ Ադրբեջանը հիմա պատրաստ է նոր ծրագրեր մտածել՝ ղարաբաղյան հակամարտության գործընթացների առումով։ Թուրքիան է ակտիվացել եւ ցանկանում է այդ գործընթացների մասին կազմել։ Հստակ կարելի է ասել, որ տարածաշրջանը գտնվում է պայթունավտանգ իրավիճակում, եւ պատերազմի հավանականությունը պետք չէ բացառել։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում