Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակակարկտային կայաններն օգուտ չեն տվել կարկուտը Արմավիրի մարզում մինչեւ 100% վնասել է բերքը

Հունիս 13,2017 12:45

Արմավիրի մարզում երեկ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել. Համայնքապետերն ասում են՝ բերքը 70-80% -ով վնասվել է, տեղ-տեղ նույնիսկ 100%-ով:

Արագած համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կաղամբը, վարունգը, լոբին, լրիվ վնասվել են, սալորը, ծիրանը, բոլորը-բոլորը վնասվել են: 15 օրից պետք է ծիրանի բերքը հավաքեին, բայց կարկուտը խփեց»:

Կամավոսյանի ներկայացմամբ՝ այն պտուղներն էլ, որոնք ամբողջությամբ չեն վնասվել, ապրանքային տեսքից ընկել են: Գյուղապետն ասաց, որ կարկուտը պտուղն արժեզրկեց, տեսքից այնպես գցեց, որ անգամ չրի համար էլ պիտանի չեն:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք համայնքում հակակարկտային կայան տեղադրվա՞ծ է, Կամավոսյանը պատասխանեց՝ «Տեղադրված է, բայց… Չնայած, որ կայանը չլիներ կարկուտը բերքը 100%-ով կվնասեր ինչպես անցյալ տարի եղավ, անցյալ տարի կայան չունեինք»:

Արմավիրի մարզի Դողսի համայնքապետ Գրիշա Հարությունյան էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ահավոր է, ահավոր, շատ վատ վիճակ է: Ամբողջը վնասվել է՝ ծառներից բռնացրած մինչեւ վարունգ, ձմերուկ, բանջարաբոստանային բոլոր կուլտուրաները: Բանջարաբոստանայինի համեմատ՝ ծառերը մի քիչ քիչ են վնասվել: Դե, ծիրանը, դեղձը, սալորը, ինչ կա՝ վնասվել է»:

Գյուղապետն ասաց, որ իրենց համայնքում հակակարկտային կայան չկա: Իսկ թե որքան է վնասի ծավալը, Հարություննյան ասաց, գյուղով հավաքվել են, հաշվարկում են, գյուղացիները սրտնեղած են, ասում են՝ գոնե կառավարությունը մի բանով օգնի:

Կարկուտից տուժած Ամբերդ համայնքի գյուղապետ Մանվել Բաբայանն էլ ասաց, որ իրենց համայնքում հակակարկտային 2 կայան կա, բայց օգուտ չտվեց. «Մի քանի զարկ տվեց, մի պահ ոնց որ թե օգնեց, բայց հետո քամի եղավ, էլ ի՞նչ, ոչ մի օգուտ չտվեց կայանը»:

Բաբայանն ասաց, որ իրենց համայնքում էլ լոլիկի, լոբու, վարունգի եւ բանջարաբոստանային կուլտուրաների շիթիլներն ամբողջությամբ վնասվել են, մոտ՝ 100%-ով վերացրել է բերքը, իսկ պտղատու ծառերի բերքն էլ մոտ 80%-ով են վնասվել. «Եթե նոր շիթիլներ էլ դնեն, բերքն աշնանը կլինի»:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն Aravot.am-ին վստահեցրեց՝ մարզի 10 համայնք՝ 1 –ը Բաղրամյանի տարածաշրջանից, 9-ը՝ Էջմիածնի, կարկուտից տուժել են: Այվազյանի փոխանցմամբ՝ համայնքներում 40-100 % վնասներ կան, տարբեր համայնքում, տարբեր մշակաբույսեր: Այվազյանն ասաց, որ այս պահին Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները համայնքներում են, վնասներն են հաշվարկում, որպեսզի տվյալները ներկայացնեն կառավարություն: Իսկ փոխհատուցում կլինի, թե՝ ոչ, եթե լինի էլ՝ ի՞նչ ծավալի, կորոշի կառավարությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930