Արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօրինակորեն բարձր մակարդակ է արձանագրվում։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում այդ փաստը։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի համաձայն՝ սննդամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ։
Սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, եւ, օրինակ, փետրվար-մարտի համեմատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ։
Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ։ Խնդիրն այն է, որ այս տարվա տվյալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, որը կոչվում է գնաճի տասներկուամսյա ցուցանիշ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը թաքցնում է։ Սա, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարեւորագույնն է եւ իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցուցանիշից։
ԱՎԾ-ն գնաճի վերաբերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվարից։ Հենց այն պահից, երբ սննդամթերքի տասներկուամյա գնաճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել։ Հիմա ԱՎԾ-ն ներկայացնում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով։
Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համեմատ։ Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում