Լրագրողներն այսօր ՀՀ ԱԳՆ-ում Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը տեղի ունենա Էստոնիայի նախագահության օրոք: Հիշեցնենք, որ այս տարվա երկրորդ կեսում Էստոնիան ԵՄ խորհրդի նախագահող-երկիրն է:
«Ազատ տեղաշարժը շատ կարեւոր է՝ երկրներն ու ազգերն իրար մոտեցնելու գործում: Կուզեի տեսնել ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթաց: Մենք շահագրգռված ենք տեսնել այդ գործընթացի արագացումը, թեեւ հիմա ժամկետներ մատնանշել չեմ կարող»,-պատասխանեց Էստոնիայի ԱԳ նախարարը:
Ապա նա կարեւորեց այն փաստը, որ նոյեմբերին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: «Հուսով եմ՝ հաջողությամբ կավարտենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի բանակցությունները: Մեզ պետք են տեսանելի արդյունքներ»,-վստահեցրեց Սվեն Միկսերը:
Անդրադառնալով ՀՀ-Էստոնիա հարաբերություններին՝ պաշտոնյան դրանք բնորոշեց որպես սերտ են եւ բարեկամական. «Էդվարդ Նալբանդյանի հետ այսօրվա հանդիպման արդյունքում հայտնաբերեցինք չօգտագործված տնտեսական եւ առեւտրային ներուժ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ