2017 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Technovation Challenge միջազգային մրցույթին: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Armenian Sign Language հավելվածով: Թիմը օգոստոսին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում Համաշխարհային գագաթաժողովին և կստանա իր մրցանակը։
Այս տարի Հայաստանի դպրոցների 10-ից 18 տարեկան աշակերտուհիները հնարավորություն ունեցան մասնակցելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության “Technovation” ծրագրին: Ծրագիրը նախատեսում էր 12 շաբաթյա ուսուցում: Ուսուցման ընթացքում աղջիկները սովորեցին բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում, և պատրաստել բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը:
Շուրջ 11 000 աշակերտուհիներ, ավելի քան 100 երկրներից մասնակցեցին Technovation 2017 ծրագրին:
Հայաստանից մասնակցեցին 214 աշակերտուհիներ, ձևավորվեցին 36 թիմեր, Հայաստանյան մրցույթի կիսաեզրափակիչ դուրս եկան 22 թիմեր:
Technovation Armenia ծրագրի տարածաշրջանային դեսպանն էր “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ նախագահ Նարինե Աբազյանը:
Technovation Armenia ծրագրի կիսաեզրափակիչ անցած 22 թիմերից ժյուրին որպես Հայաստանյան մրցույթի հաղթող ընտրեց վեց թիմ` երեք ավագ և երեք կրտսեր խմբերից: Վեց թիմերից էլ միջազգային կիսաեզրափակիչ մրցույթին մասնակցեցին մեկ ավագ թիմ և երկու կրտսեր թիմեր: Կարբիի դպրոցի One Step Ahead ավագ թիմը, միջազգային կիսաեզրափակիչում մրցելով աշխարհի 27 երկրներից ներկայացված 99 թիմերի հետ, «Կրթություն» անվանակարգում հաղթող է ճանաչվեց Armenian Sign Language հավելվածով:
Կարևորելով երիտասարդների դերը Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ և իրենց ներգրավումը միջազգային մրցույթներում, ՏՀՏ գործատուների միության անդամ Յունիքոմփ ընկերությունը հովանավորել է մրցույթը՝ տրամադրելով հայաստանյան մրցույթի ավագ և կրտսեր թիմերի առաջին և երկրորդ տեղերի մրցանակները, և կատարելով թիմերի աշխատանքների գնահատում՝ որպես ժյուրիի անդամ։
Technovation Armenia ծրագիրը իրականացրել են Կրթության ազգային ինստիտուտը և “Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ-ն: Ծրագրին աջակցել և հովանավորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Սինոփսիս Արմենիա ընկերությունը, Յունիքոմփ ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն