Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի տարբերությունը. ինչու է ՆԱՏՕ-ն «մագնիս դառնում այլ երկրների համար». (Տեսանյութ)

Հունիս 13,2017 12:30

ՆԱՏՕ-ն շարունակում է մեծ պահանջարկ ունենալ

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության ծրագրերի ստորաբաժանման աջակցությամբ անցած հանգստյան օրերին սեմինար էին կազմակերպել Հայաստանի լրագրողների համար «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» թեմայի շրջանակներում:

«ՆԱՏՕ-ն՝ որպես Կազմակերպություն. Պատմական հայացք, ներկայիս գործունեությունը» թեմայով ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի Վրաստանի գրասենյակից հանրային դիվանագիտության փորձագետ Մագնուս Էյջոլֆսոնը, որը նշեց, որ ՆԱՏՕ-ն սկզբում ռազմական դաշինք էր, որի սկզբնական նպատակն էր կասեցնել Խորհրդային Միության կողմից ծավալվող սպառնալիքները եւ նվազագույնի հասցնել միջուկային զենքերի հնարավոր սպառնալիքը, սակայն ժամանակի ընթացքում ՆԱՏՕ-ն դարձավ ռազմաքաղաքական դաշինք: «Սառը պատերազմի ավարտին մարդիկ հարց տվեցին` իսկ արդյոք արժե՞, որպեսզի ՆԱՏՕ-ն շարունակի գոյություն ունենալ, Արեւմուտքում նույնպես այս հարցը տալիս էին, բայց անվտանգության բազմաթիվ մարտահրավերներ եղան` նոր անհայտ տրանսազգային տեռորիզմի ներկայացուցիչները սկսեցին առաջ գալ, Կիպրոս, բալկանյան պատերազմ…»:

Եվ չնայած Խորհրդային Միությունը փլուզվեց` 1949-ից ստեղծված եւ մինչ այժմ գործող 29 անդամներից բաղկացած ՆԱՏՕ-ն շարունակում է մեծ պահանջարկ ունենալ, նոր անդամներով է համալրվում ու ընդլայնվում: «Երբ որեւէ երկիր պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի վրա, նա պետք է հասկանա, որ ինքը հարձակվում է ոչ թե մեկ դաշնակցի, այլ բոլորի վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ այլն: Սա հզոր մոտեցում է` բոլորը մեկի համար»,- նշեց պարոն Էյջոլֆսոնը: Հիշեցնենք, խոսքը ՆԱՏՕ-ի կանոնադրության հոդված 5-ի մասին է, համաձայն որի` դաշինքի անդամ որեւէ երկրի նկատմամբ հարձակումը նշանակում է հարձակում դաշինքի նկատմամբ: «ՆԱՏՕ-ն սուպեր, գերազգային կազմակերպություն չէ, ինչպես, օրինակ, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն չունի հաստատություններ, վարչական մարմիններ, ՆԱՏՕ-ի որոշումները կախված են անդամ երկրներից, այսինքն` բոլոր որոշումները կայացնում են դաշնակից պետությունները իրենց պետական կառույցներում: Իսկ ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, ընդհանուր որոշման հանգելու սկզբունքով, 29 անդամ բոլոր պետություններն ունեն հավասար իրավունքներ, եւ երբ ՆԱՏՕ-ն որոշում է կայացնում, այն արտահայտում է բոլոր անդամ պետությունների դիրքորոշումը: Ճիշտ այնպես, ինչպես հյուսիսատլանտյան տարածքի, եվրոպական ցանկացած երկիր կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, այնպես էլ ազատ է, կարող է դուրս գալ դաշինքից, ինչը ոչ մի անգամ տեղի չի ունեցել, միայն Ֆրանսիան ռազմական սեկտորից դուրս եկավ, բայց կրկին վերադարձավ»,- նշեց բանախոսը:

Վրաստանի դեպքում խնդիրը ոչ թե «այո»-ն, «ոչ»-ն է, այլ` «երբ»-ը

Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը որոշել է հարձակում գործել ՆԱՏՕ-ի ոչ անդամ որեւէ երկրի դեմ` դա դաշինքի անդամ երկրների գործը չէ, դա այդ երկու երկրների արտաքին քաղաքականության գործն է՝ նշեց Վրաստանում գործող՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության թեմայով. «Հյուսիս-ատլանտյան դաշինքում բոլոր երկրները պարտավորություն են ստանձնել խաղաղ ճանապարհով դուրս գալու հակամարտություններից, եւ եթե որեւէ դաշնակից ռազմական խնդիր ունի իր հարեւանի հետ, ապա իրականում բավական մեծ ճնշման տակ է հայտնվում մյուս անդամ երկրների կողմից ոչ թե այն առումով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը ասում է` էս ի՞նչ ես անում, այլ անդամ պետություններն են իրենց երկկողմ հարաբերություններում այդ երկրին պահանջներ ներկայացնում, որպեսզի նա դադարեցնի գործողությունները»:
Վրաստանը ՆԱՏՕ-ի շատ յուրահատուկ գործընկերն է, նա աննախադեպ հարաբերություններ ունի կառույցի հետ՝ նշեց պարոն Լահյուն` Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթը կարեւորելով, որով աջակցում են Վրաստանին բարեփոխումների հարցում, անդամության նախապատրաստական գործում: «Խնդիրը ոչ թե «այո»-ն, կամ «ոչ»-ն է, այլ «երբ»-ը: Դեռ շատ անելիքներ կան իհարկե, եւ անդամ պետությունները շատ խիստ հետեւում են Վրաստանում իրադարձությունների զարգացմանը: Դաշնակիցներն, անշուշտ, հաշվի են առնում, թե ինչպիսին կարող է լինել ազդեցությունը, դրա համար անպայման կշռադատում են մինչեւ երկրներին անդամակցության հրավերք տալը:

Վրաստանի դեպքում առաջին խնդիրն այն էր, թե Վրաստանն ինքը այդ հաշվարկներն արե՞լ է: ՆԱՏՕ-ի համար կարեւորն այն է, որ ոչ մի երրորդ երկիր այս դաշնության որոշումից անբարենպաստ ազդեցություն չկրի: Շատ կարեւոր է հիշել նաեւ, որ երկիրը միանում է դաշինքին` դա չի փոխում ուժերի հավասարակշռությունը, դա չի ենթադրում զինուժի ավելացում ու ռազմաբազայի ստեղծում: Եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, դա չի նշանակում, որ հենց հաջորդ օրն ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենալու եւ ռազմական ներկայություն է լինելու: Իհարկե, Վրաստանի կարգավիճակը կփոխվի, այսինքն` Վրաստանն ինքնաբերաբար կմտնի 5-րդ հոդվածի պաշտպանության տակ, ինչը կնշանակի, որ Վրաստանն այլեւս չի մտահոգվի ռուսական սպառնալիքով: ՌԴ-ն էլի իր հերթին երկար կմտորի մինչեւ Վրաստանի նկատմամբ գործողությունների դիմելը, այսինքն՝ երբ Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, այդ սպառնալիքը կվերանա»-, պարզաբանեց Ուիլյամ Լահյուն: «Սա կարեւոր որոշում էր ե՛ւ Բալթյան երկրների, ե՛ւ Վրաստանի համար, դա նրանց տալիս է ազատություն, ու այդ ազատությունը փաստորեն ապահովվում է պաշտպանական հովանոցի միջոցով, բացում նրանց ձեռքերը` քաղաքական, տնտեսական որոշումների համար: Սա հիմնարար բացասական ազդեցություն է ունենում հենց ՌԴ-ի վրա, որովհետեւ նրանց ստիպում է մտածել, թե ինչ են նրանք առաջարկել իրենց հարեւաններին, որպեսզի նրանք այնպիսի որոշումներ կայացնեն, որոնք բխեն ՌԴ շահերից: Մենք օգտագործում ենք տնտեսական, քաղաքական շահագրգռող առաջարկներ, բայց ՌԴ-ն պատրաստ չէ դրան, պատրաստ չէ ոչինչ տալ, ՌԴ-ն ուզում է ճնշել, սպառնալ` մինչեւ չստանա իր ուզածը: Բնական է, որ կարող են փոփոխություններ լինել նաեւ Վրաստանի հարեւանների մոտ, Հայաստանում՝ նույնպես: Օրինակ՝ հնարավոր է, որ ՌԴ-ն այդ դեպքում ցանկանա ուժեղացնել ռազմական ներկայությունը: Հետեւաբար դուք պետք է պատրաստ լինեք հարց տալ ՀՀ կառավարությանը` արդյոք կառավարությունը կընդունի՞ ՌԴ ռազմական ուժի ընդլայնումն այստեղ: Այդ դեպքում արդեն ամեն ինչ կախված է լինելու երկրի ներքին որոշումներից»,- նշեց բանախոսը:

Որն է ՆԱՏՕ-ի ուժը

Ինչո՞ւ ԽՍՀՄ-ը փլուզվեց, իսկ ՆԱՏՕ-ն շարունակում է գործել, ըստ Ուիլյամ Լահյուի՝ պատասխանը հստակ է. որովհետեւ անդամ պետություններն ուզում են, որ այն գոյություն ունենա, թեեւ նրանք ցանկացած պահի կարող են հեռանալ դաշինքից, բայց դա կարեւոր քաղաքական հարթակ է նրանց համար, բացի պաշտպանական հովանոց լինելուց: «Ռուսաստանից լսում են կարծիքներ, թե ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի քաղաքականության գործիքն է… Ինչ-որ առումով, այո, այդպես էլ կա, բայց նաեւ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, բոլոր անդամ պետությունների քաղաքական գործիքն է: Սա են երբեմն դժվար ընկալում Մոսկվայում: ՆԱՏՕ-ում քվեարկություն չկա: Կառույցում խոշոր դաշնակիցներն առավելություն չունեն, եւ չկա նման բան, եթե նրանք ինչ-որ բան են ուզում, անցկացնում են, իսկ փոքր երկրները ճնշվում են: Սա է դաշինքի ուժը, որովհետեւ յուրաքանչյուր ազգ ունի բացարձակ ինքնիշխանություն, եւ կա բացարձակ երաշխիք, որ եթե որեւէ երկիր համաձայն չէ ՆԱՏՕ-ի որեւէ որոշման հետ, ապա ՆԱՏՕ-ն դա չի կարող իրագործել, սա է, որ միաժամանակ բարդացնում է որոշումներ ընդունելու ընթացքը կառույցում»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Լահյուն բացատրեց, որ ինչպես անդամ պետությունները, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են ՆԱՏՕ-ն քաղաքական հարցերի համար: «Վրաստանի համար ՆԱՏՕ-ն նշանակում է սուվերենության երաշխիք, իսկ ՆԱՏՕ-ի համար քաղաքականությունը հետեւյալն է` մենք հավատում ենք, որ մեր անվտանգությունը եւ կայունությունը ուժեղանում են, եւ հյուսիսատլանտյան տարածքի անվտանգությունն ու կայունությունն ամրանում են միայն ավելի շատ անդամներ ունենալու միջոցով, որովհետեւ երբ պետությունը մտնում է ՆԱՏՕ` դառնում է որոշում կայացնող, շահառու` դաշինքի համար, եւ ներդնող՝ դաշինքի մեջ: Այսինքն` դաշինքը երկրի համար դառնում է կարեւոր քաղաքական գործիք, որը օգնում է ապահովել թափանցիկություն եւ անվտանգություն նաեւ անդամների միջեւ: Թերեւս կնկատեք, որ խոշոր պատերազմ Եվրոպայում չի եղել այն օրից ի վեր, ինչ ՆԱՏՕ-ն հիմնադրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որովհետեւ անդամ պետությունները պարտավորություն են ստանձնում բոլոր ծագող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Մինչդեռ ՌԴ-ն ՆԱՏՕ-ն ներկայացնում է որպես վտանգավոր թշնամի, որը իբրեւ թե սպառնում է ՌԴ սահմաններին, ինչը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ որպեսզի ՆԱՏՕ-ն ռազմական գործողություն սկսի որեւէ պետության դեմ, բոլոր 29 անդամները պետք է համաձայնության գան:

Այդ ինչ տեսակի հանգամանքներ պետք է լինեն, որ այս 29 երկրները հանկարծ բոլորը միասին որոշեն հարձակվել ինչ-որ երկրի վրա, դա ուղղակի ֆանտաստիկ սցենար է: Խոսքը չի վերաբերում առանձին անդամ երկրներին, որոնք հնարավոր է՝ որոշում կայացնեն ինքնուրույն` առանց ՆԱՏՕ-ից թույլտվություն վերցնելու, որովհետեւ ՆԱՏՕ-ն չի կարող ասել` ինչ անել կամ ինչ չանել: Սա շատ հաճախ տրվող հարց է Թուրքիայի վերաբերյալ: Թուրքիան երբեմն ոտնձգությունների է դիմում հարեւանների նկատմամբ, ՆԱՏՕ-ն որպես կառույց չի կարող ճնշել Թուրքիային, բայց դաշնակից երկրները առանձին կարող են ճնշել նրան, եւ ոչ միայն այդ հարցում, այլեւ, օրինակ, շատ այլ հարցերում` Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության»,- ասաց պարոն Լահյուն՝ միաժամանակ բերելով այլ օրինակ, երբ Թուրքիան ցանկանում էր Չինաստանից գնել հակաօդային պաշտպանության համակարգեր, ՆԱՏՕ-ի անդամ երկրները դրան խոչընդոտեցին, քանի որ չէին կարող համաձայնել չինական ՀՕՊ համակարգերի միացմանը ՆԱՏՕ-ի միասնական համակարգերին, քանի որ այն անպաշտպան կդառնար չինացի հաքերների հնարավոր գործողություններից, ուստի Թուրքիան ստիպված էր հրաժարվել: «Հիմա Թուրքիան ՌԴ-ի հետ է բանակցություններ վարում ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ: Թող ձեռք բերեն, իրենց գործն է, բայց Թուրքիան չի կարող այդ համակարգը միացնել ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների ՀՕՊ համակարգերին»,- հավելեց պարոն Լահյուն:

«ՆԱՏՕ-ն մեկ ինքնություն չէ, ՆԱՏՕ-ն 29 ինքնությունների կոլեկտիվ է: Իհարկե, ԱՄՆ-ը ամենաազդեցիկ պետությունն է, որովհետեւ ամենահզոր ռազմական ուժն է, եւ հարցը, թե ունի՞ ԱՄՆ-ն ազդեցություն` այո, ունի տնտեսական, քաղաքական ազդեցություն, բայց դա օգտագործվում է մյուս երկրների կողմից նույնպես` ի շահ իրենց երկրների, այսինքն` փոխշահավետ համագործակցություն է: Ահա թե ինչու Հայաստանի նման երկիրը ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ ելնելով այն շահից, ինչը նա կստանա այդ հարաբերություններից, դրանք հարաբերություններ են, որոնք կառուցվում են փոխադարձ օգուտի վրա»: Ըստ բանախոսի՝ սա եւս բարդ հարց է ընկալելու ՌԴ-ի համար, որն իր որոշումները դեռ կառուցում է խորհրդային քաղաքական մշակույթի հիմքով եւ շարունակում է ՆԱՏՕ-ն ներկայացնել որպես թշնամի, հակադրվող ուժ, ինչը այդպես չէ:

Մանրամասները` տեսանյութում

«Ստացվում է՝ ՆԱՏՕ-ն ավելի ուժե՞ղ է, քան իրենք, այսինքն՝ եթե ավելի ուժեղ են, ուրեմն ավելի վա՞տն են, որովհետեւ հավասարազոր չե՞ն իրենց… ՌԴ-ն իր արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը կառուցում է ՌԴ-ի կարողության վրա իր տարածքների շուրջ եղած տարածքները վերահսկելու համար, որպեսզի ունենա այդ ուժը` ապահովելու կայունությունը ՌԴ-ի համար, հետեւաբար նրանց նպատակն է վերահսկել այն ամենը, ինչ կատարվում է հարեւան երկրներում, թույլ չտալ, որպեսզի հարեւանը ինքնուրույն որոշումներ կայացնի: Մինչդեռ ՆԱՏՕ-ն իր անվտանգությունը տեսնում է ազատ, անկախ, ժողովրդավարական երկրների մեջ, որոնք ի վիճակի են իրենց շահերը պաշտպանել եւ ունակ են մեզ հետ աշխատել: ՆԱՏՕ-ն այս պատճառով է մագնիս դառնում այլ երկրների համար, որովհետեւ նրանք տեսնում են շահ, որովհետեւ այդ մագնիսը նրանց կտա անկախության երաշխիքներ, եւ իրենք իրենց տարածքում երաշխավորված ազատություն կունենան իրենց որոշումների մեջ»,- նշեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավարը:

Շարունակությունը` «Առավոտ»-ի վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930