ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությանը, թե. «Հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նույնն է մնում: Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում»: Ապա Մամեդյարովը հավելել է. «Ռուս և հայ գործընկերների հետ Մոսկվայում ապրիլի 29-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել ենք բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ հարցերը»:
Նալբանդյանը երեւակայություն որակեց տեղեկությունը, թե ինչ-որ փաստաթղթի շուրջ են բանակցել. «Մոսկվայում ԱԳ նախարարները որեւէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: Մամուլի հաղորդագրության տեքստը համաձայնեցվել է եռանախագահների հետ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է իր վարկածը՝ չգրելով այն մասին, որ նախարարները կարեւորել են Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը»:
Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ՝ տպավորություն է, որ Ադրբեջանի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն ինչ-որ բանի վրա ֆիքսվելու, այն կրկնելու՝ արժեզրկելով դրա իմաստը եւ անելով լրիվ հակառակը:
Ինչ վերաբերում է «ստատուս քվո»-ին, նախարարը նկատեց. «Ո՞վ է խոչընդոտում պայմանավորվածություններին, որոնք հնարավորություն կտային փոխել ստատուս քվոն: Հենց Ադրբեջանը, որը խոսում է «խոսքի ազատության» եւ «մարդու իրավունքների» մասին: Բաքվի բրենդն է դարձել՝ ասել մի բան եւ անել այլ բան»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ