tesaket.info. Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի՝ կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթի 2-րդ փուլը։
ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Այս փուլը տեղի է ունենում բավականին մեծ, ընդլայնված տարածքում։ Նախորդ փուլի համեմատ՝ այս անգամ տարածքը մոտավորապես քսան անգամ ավելի մեծ է։ Այսօր աղջիկները մոտավորապես տասը վարժություն պետք է կատարեն՝ ցուցադրելով իրենց ավտովարման հմտությունը։ Նրանք պետք է հաղթահարեն փորձությունները նվազագույն ժամանակում։
Եթե մարդիկ դառնում են ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամ և ավտոսպորտով զբաղվելու ցանկություն են հայտնում, ավտոնոբիլային ֆեդերացիան տալիս է սպորտային արտոնագիր․ ի դեպ, ՀԱՖ -ը միակ կառույցն է, որը սպորտային արտոնագիր է տրամադրում։ Հիշեցնեմ՝ ՀԱՖ-ը ՄԱՖ անդամ է, ուստի մենք տալիս ենք սպորտային արտոնագիր, որի շնորհիվ մեր մարզիկները կարող են մասնակցել ոչ միայն Հայաստանում անցկացվող մրցաշարերի, այլև ցանկացած երկրի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից կազմակերպած ավտոմրցաշարերի»։
ՀԱՖ նախագահը ապագա վարորդներին խորհուրդ տվեց ինքնուս մեքենա վարել սովորելով չբավարարվել և մինչև վարորդական իրավունք ստանալը՝ անպայման հաճախել ավտոդպրոց՝ հմուտ ու վստահելի վարորդ դառնալու համար։