Նախկինում հայտնել ենք Իջեւանի քաղաքի Անկախության փողոցի թիվ 1 շենքի բնակիչ,1941թ. ծնված Դոնարա Կարապետյանի վիճակի մասին: Նա 1978 թվականից Իջեւանի հիվանդանոցում հաշվառված է որպես հոգեկան հիվանդ, որի հիվանդությունն ախտորոշվել է «էմոցիոնալ-կամային ոլորտի դեֆեկտով զառանցական ձեւի շիզոֆրենիա»: Դա արտահայտվում է նրանով, որ կինը գրեթե միշտ հալյուցինացիաների մեջ է, թշնամաբար է ընկալում շրջապատող անձանց, նրա վերաբերմունքն ու վարքն անկանխատեսելի են, չի կարողանում ղեկավարել իր գործողությունները ու հաշիվ տալ դրանց համար:
Դ. Կարապետյանը մինչ օրս խորհրդային նմուշի անձնագիրը չի փոխել: Այդ պատճառով 5-րդ տարին է, որ նրա բնակարանը հոսանքազրկված է, դադարեցված է բնական գազի մատակարարումը: Նա Իջեւանում եւ հարակից տարածքում ընտանիք եւ մոտակա ազգականներ չունի:
Իջեւանի քաղաքապետ, Իջեւան համայնքի խնամակալության եւ հոգեբարձության մարմնի ներկայացուցիչ Վարդան Ղալումյանը 2015թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է դիմել Դ. Կարապետյանին անգործունակ ճանաչելու պահանջով: Դատարանի 2015թ. հունիսի 5-ի որոշմամբ նշանակվել է Դ. Կարապետյանի դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն եւ գործի վարույթը կասեցվել է մինչեւ փորձաքննության արդյունքների ստացումը: 2017թ. ապրիլի 14-ին դատարանի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:
Գործի քննության ընթացքում խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Վահագն Թամրազյանը նշել է, որ Դ. Կարապետյանի հոգեկան վիճակից ելնելով՝ հնարավոր չէ ապահովել դատաքննությանը նրա ներկայությունը: Նա դատարանին խնդրել է փորձաքննություն չնշանակել, որովհետեւ Դ. Կարապետյանի հոգեկան վատ վիճակի պատճառով հնարավոր չէ կազմակերպել նրա տեղափոխումը Երեւան եւ նրան հանձնաժողովին ներկայացնել: Գործով վկա Վարդան Խաչատրյանը, որը հանդիսանում է Դ. Կարապետյանի հարեւանը, դատաքննության ընթացքում նշել է, որ Կարապետյանը շատ երկար տարիներ տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, ներկայումս կույր եւ խուլ է, որեւէ հարազատ չունի, նրան ինքը եւ իր ընտանիքն են խնամում,նա ինքնուրույն չի կարող կենսական անհրաժեշտության որեւէ հարց լուծել, կենսաթոշակ, որեւէ օգնություն չի ստանում, զրկված է բնական գազից եւ էլեկտրական հոսանքից:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատարանն այդ գործով վճիռ կայացնելիս փաստել է, որ Դ. Կարապետյանի հոգեկան վիճակը պարզելու նպատակով դատարանի որոշմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Դատարանը Իջեւան համայնքի խնամակալության եւ հոգեբարձության մարմնին 2015թ. սեպտեմբերի 10-ին եւ 2016թ. ապրիլի 1-ին տեղեկացրել է Դ. Կարապետյանին ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովին ներկայացնելու եւ նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթեր տրամադրելու անհրաժեշտության մասին, սակայն այդ պահանջը չկատարելու պատճառով փորձաքննությունը չի կատարվել:
Դատարանը գտել է, որ թեեւ վկայի ցուցմունքները տեղեկություններ են պարունակում Դ. Կարապետյանի վարքի ու կենսակերպի մասին, այնուամենայնիվ, նրա գործողությունների նշանակությունը չհասկանալու կամ ղեկավարելու անկարողության փաստը հավաստող թույլատրելի ապացույց դիտվել չեն կարող, իսկ դատաքննության ընթացքում հետազոտված մյուս ապացույցները բավարար հիմք չեն տալիս համարելու, որ Դ. Կարապետյանը հոգեկան խանգարման հետեւանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, հետեւաբար, նա անգործունակ ճանաչվել չի կարող:
2017թ. հունիսի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը վճռել է Դ. Կարապետյանին անգործունակ ճանաչելու պահանջի մասին դիմումը մերժել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ