Ինչո՞ւ ռուսական կողմից անհրաժեշտ արձագանք չհնչեց, երբ վերջերս Ադրբեջանը կրկին գնդակոծեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղը` լրագրողները նման հարց ուղղեցին օրերս Ծաղկաձորում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ եւ ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության ծրագրերի ստորաբաժանման աջակցությամբ անցկացված` «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» սեմինարի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանին:
ՊՆ պաշտոնյան նշեց, որ, թեեւ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածով հարձակումը մեր երկրի վրա կարող է դիտարկվել որպես հարձակում բոլորի վրա, սակայն ընթացակարգերը, որոնք նախատեսում են նման աջակցություն, առաջին հերթին՝ սկսվում են, եթե երկիրը դիմում է, ներկայացնում է։ «Այսինքն, եթե երկիրը չի դիմում ՀԱՊԿ-ին, սպառնալիքի վերաբերյալ չի ահազանգում, օգնության չի դիմում` ավտոմատացման այնպիսի համակարգ չկա, որ իրենք, առանց մեր դիմումի, գան ու մեզ օգնեն, մեր փոխարեն ինչ-որ ռազմական գործողություն իրականացնեն», ասաց Մհեր Իսրայելյանը։ Նույնը նաեւ ՌԴ-ի կողմից ակնկալվող աջակցության դեպքում է. «Եթե Հայաստանը որոշի, որ մենք մեր ուժերով չենք կարողանում, օրինակ` մի գյուղ պաշտպանել ու պետք է դիմենք Ռուսաստանին` բնականաբար, կդիմենք», ասաց Մհեր Իսրայելյանը։
Այս քննարկմանը միջամտեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը` հավելելով. «Փառք Աստծո, որ այս հարցում Հայաստանի ղեկավարությունն այնքան խոհեմ է, որ նման օգնություն չի խնդրում Ռուսաստանից: Թող չխանգարեն մեզ` մենք պաշտպանենք»:
Թեմայի մանրամասները կարդացեք` հունիսի 14-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ