Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մարդիկ. պայքար հանուն կյանքի (տեսանյութ)

Հունիս 13,2017 11:27

Արցախում գործունեություն ծավալող «Խորենացի» ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Ինքնություն» խորագրով ծրագրի շրջանակներում պատրաստել է տեսանյութեր, որոնք պատմում են Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների հետևանքով հաշմանդամություն ստացած մարդկանց մասին:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Տեսանյութերը նվիրված են Կարինե Դանիելյանին, Արևիկ Պետրոսյանին, Յակով Ալթանյանին, Լեռնիկ Աղաբեկյանին, Արմեն Ավետիսյանին, Իվան Մեհրաբյանին, Արտակ Բեգլարյանին, Գարուշ Սարգսյանին, Գևորգ Դադասյանին, Եղիշե Առուշանյանին։
«Խորենացի» ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արտակ Ղուլյանը նշում է, որ հաշմանդամություն ստացած մարդկանց կերպարի, կյանքի պատմությունների միջոցով փորձում են վերարժևորել նրանց արածը, անցած ճանապարհը. «Արդյունքներն ավելին էին, քան սպասում էինք։ Մենք ոչ թե պարզապես նկարեցինք հաշմանդամություն ստացած ազատամարտիկների մասին տեսանյութեր, այլ մարդկանց, որոնք այսօր այդ վիճակում պայքարում են կյանքի մարտահրավերների, դժվարությունների դեմ և հաղթահարում դրանք»։
Նկարահանվել է 10 տեսանյութ։ «Հերոսներից մեկն Արտակ Բեգլարյանն է՝ Արցախի վարչապետի մամուլի խոսնակը։

Շատ հետաքրքիր երիտասարդ է, որ իր կենսակերպով ու գործունեությամբ վարակում է նաև հաշմանդամություն չունեցող մարդկանց։ Մյուսը Արևիկ Պետրոսյանն է. դասախոսում է Արցախի պետական համալսարանում, վիրավորում էր ստացել արկի պայթյունից, երկար ժամանակ անվասայլակի վրա էր, սակայն մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրումից հետո, բժիշկը նրան ասել էր՝ կանգնիր, և նա կանգնել է, այսօր, ճիշտ է, դժվարությամբ, բայց կարողանում է քայլել։ Մենք այս տեսաշարով, այս մարդկանց պատմություններով ցանկանում ենք ցույց տալ, որ պետք չէ ընկճվել, կյանքը առջևում է, պետք է պայքարել։ Այս մարդիկ կարողանում են պայքարել. Արևիկը դարձավ հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր։ Արմեն Ավետիսյան ունենք Բերդաշեն գյուղից, ում երկու ոտքն անդամահատվել է ականի պայթյունից, ունի մեծ տնտեսություն, կառուցել է ցորեն աղալու գործարան։ Նրանք պայքարում են ոչ միայն կյանքի համար, այլև նույնիսկ ընդդեմ կյանքի։ Սրանք օրինակներ են, որոնք մարդկանց ասում են՝ ոչ ոք հուսահատվելու իրավունք չունի»,- նշում է Արտակ Ղուլյանը։

Ըստ պարոն Ղուլյանի, նկարահանված տեսանյութերը ցուցադրվելու են Արցախի կրթօջախներում։ Բանակցություններ են վարվում նաև հեռուստատեսության հետ, որտեղ նույնպես եթեր կհեռարձակեն սխրանքի ու մաքառումի այս պատմությունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930