«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրիի անդամ է նաև ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Իլդիկո Էնյեդին: Հունգարացի ռեժիսորի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը 2017թ. Բեռլինի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջի»: Նրան շնորհվել են նաեւ ՖԻՊՐԵՍի եւ էկումենիկ ժյուրիի մրցանակները:
«Մարմնի և հոգու մասին» ֆիլմը ներկայացնում է մսի կոմբինատի երկու աշխատողների`Էնդրյուի եւ Մարիայի սիրային պատմությունը: Այն պահից, երբ նրանք սկսում են միասին աշխատել, տեսնում են միեւնույն երազները:
Կինոքննադատները Իլդիկո Էնյեդիի կինոն բնորոշել են որպես պոետիկ թեթեւությամբ ու էպիկական խտացված խարակտերներով արվեստ:
Ռեժիսորը «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի վերաբերյալ հարցազրույցներից մեկում ասել էր. «Ցանկացել ենք ներկայացնել մի պարզ ֆիլմ, ինչպես մեկ բաժակ ջուրը, ինչը ռիսկային էր: Իմ թիմը եւ ես գնացինք այդ քայլին, թեեւ չէինք կարող նախապես իմանալ, թե ինչպես հանդիսատեսը կընդունի ֆիլմը, որովհետեւ այն կարող են հասկանալ միայն հարուստ հոգու տեր մարդիկ»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ