Վանաձորցի Ռուզաննա Դանիելյանն արդեն 17 տարի է ինչ զբաղվում է անհատ ձեռներեցությամբ: Տարբեր բիզնեսներ ունի՝ կարի արտադրություն, հուշանվերների, արծաթյա զարդերի, այժմ նաեւ թեյերի արտադրություն:
Ասում է ձեռներցության ոլորտում ամենադժվարն իրացման խնդիրն է: Պարբերաբար կանգնում է արտադրանքը վաճառելու հարցի առաջ. «Ես 2000 թվականից աշխատում եմ, բավականին դժվարությունների եմ հանդիպել: Պահ էր լինում, որ ամեն ինչ շատ լավ էր, որովհետեւ իմ արտադրանքը՝ իմ բրենդով տալիս էի շուկային եւ վաճառվում էր: Հիմա իրացման լուրջ խնդիր կա»:
Ռուզաննան ասում է, որ բիզնեսը զարգացնելու ու պահպանելու համար անընդհատ ներդրումներ են անհրաժեշտ: Իսկ գումար գտնելու բոլոր ճանապարհները տանում են դեպի բանկ. «Արտագաղթը մեծ է, մենք էլ հազիվ ենք մեր բիզնեսները պահում: Բանկից վարկեր ենք վերցրել բիզնեսը զարգացնելու համար, բայց կրակն ենք ընկել: Ասում են 18-24 %-ով են տալիս, բայց բերում են 30-%-ի են հասցնում: Չգիտեմ, մեկ լավ է, մեկ վատ, բայց ամեն կերպ փորձում ենք պահպանել: Ես լավատես մարդ եմ, դրա համար էլ մնացել եմ այստեղ ու փորձում եմ մեր հայկական արտադրանքը զարգացնել»:
Ռուզաննան նաեւ Լոռու տարածաշրջանի գործատուների միության նախագահն է: Այս պահին ունեն ծրագիրը, որի շնորհիվ գործատուներին կաջակցեն արտադրանքը Հայաստանի սահմաններից դուրս բերելու գործում. «Տարբեր երկրների հետ պայմանավորվածություն ունենք: Պայմանագրերի շրջանակներում իրենք մեծ սուպերմարկետներում մեզ հայկական տաղավարներ են հատկացնելու, որպեսզի մենք կարողանանք մեր արտադրանքները ներկայացնենք»:
Անհատ ձեռներեցը խնդիրների է հանդիպում նաեւ որակյալ կադրեր գտնելու գործում. «Բանվորներ կարողանում ենք գտնել, բայց կոնկրետ մասնագետներ մի քիչ դժվար է գտնել: Ես դեմ չեմ, որ մարդիկ քոլեջներում կամ ուսումնարաններում սովորեն, բայց պրակտիկան պետք է մեզ մոտ էլ անցնեն, որովհետեւ իմ ուզած ձեւով պետք է աշխատի: Ես առաջարկում եմ, որ պետական ծրագրերը մեզ հետ իրականացնեն ու աշակերտները մեր՝ գործատուների մոտ սովորեն»:
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում մայիսի 20-ի դրությամբ հաշվառված է 4367 աշխատանք փնտրող, նրանցից գործազուրկներ են՝ 4232-ը: Գործազուրկների մեջ ամենաքիչ թիվը կազմում են մինչեւ 18 տարեկաններ երիտասարդները, իսկ ամենամեծ թիվ կազմում են 35-45 տարեկանները.
«Այս խումբը տարիքային վերլուծության մեջ կազմում է 35 տոկոս: Թվի մեծ լինելու պատճառն այն է, որ այս տարիքի աշխատանք փնտրող քաղաքացիներն ինչ-որ ժամանակ զրկվելով իրենց աշխատանքից՝ չեն կարողանում իրենց մասնագիտությամբ գտնել նոր աշխատանք, վերապատրաստման կարիք ունեն: Մենք ամենաշատ ուշադրությունը դարձնում ենք մինչեւ 24 տարեկան եւ 35-ից բարձր տարիքային խմբերի վրա: Որպեսզի մարդիկ երկարաժամկետ չմնան գործազուրկի կարգավիճակում ու չկորցնեն իրենց հմտությունն ու մասնագիտությունը»,- այս մասին գործատուների հետ համագործակցության միամսյակի շրջանակներում ասաց Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն տնօրեն Արա Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում նա խոսեց նաեւ զբաղվածության պետական ծրագրերի մասին, որոնց շնորհիվ մի շարք անհատ ձեռներեցներ բացում են նոր աշխատատեղեր:
Անհատ ձեռներեց Լուսինե Բարացյանն արդեն 2 ծրագրերի շրջանակներում համագործակցել է Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ, ասում է արդյունքներից գոհ է. «Այդ ծրագրերին շատ հավանություն եմ տալիս, քանի որ սկսնակ գործատուներին կենտրոնը բավականին օգնություն է ցուցաբերում: Հիմա էլ նոր ծրագրերի մասին իմացա, եւ նոր աշխատողներ ընդունելու դեպքում, անպայման, կհամագործակցեմ իրենց հետ»:
Գործատուների հետ համագործակցության միամսյակը մեկնարկել է մայիսի 20-ին, որը կտեւի մեկ ամիս: Միամսյակի շրջանակներում նախատեսվում է Վանաձորի զբաղվածության կենտրոնի կողմից Լոռու մարզի գործարար շրջանների ներկայացուցիչների հետ անց կացնել խմբային հանդիպումներ համայնքների ու մարզային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Որի ընթացքում նախատեսվում է քննարկել զբաղվածության խթանման պետական մի շարք ծրագրեր:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ