Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ շուտով աճեմյանական բեմում կներկայացվի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ներկայացում։ Բեմադրիչը՝ Լյուդվիգ Հարությունյանն է, սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, նկարչական ձևավորումը Գարիկ Եվանգուլյանին է, իսկ կոմպոզիտորը՝ Հայկոն է։
«Մենք պատմում ենք Արցախյան քառօրյայից մի շատ կարևոր պատմություն, որը տեղի է ունեցել գյումրեցի ընտանիքի հետ։ Կար պատմություն, երբ որ գյումրեցի տղան սիրահարվում է թալիշից մի աղջկա, նշանդրեքի օրը սկսվում է չարաբաստիկ պատերազմը։ Արցախյան քառօրյային մենք չենք կարող չանդրադառնալ, սա այն թեման չէ, որ թատրոնը շրջանցեր։ Մենք մեր մասով կանդրադառնանք ու մինչև տարեվերջ կհանձնենք ներկայացումը։ Սա նաև Գյումրու դրամատիկական թատրոնի, հանրույթի ու նաև քաղաքի խորը հարգանքն է այն մարդկանց հանդեպ, որոնք այդ օրերին եղան սահմանում, զոհվեցին մեր համար ու ովքեր կենդանի մնացին։
Ես գտնում եմ, որ սա կլինի Գյումրու դրամատիկական թատրոնի այցեքարտային ներկայացումներից մեկը, դրա համար ունենք բոլոր նախադրյալները․ բեմադրիչն ամեն օր հեղինակի հետ աշխատում են պիեսի վրա, որպեսզի կարողանանք կուռ, դրամատուրգիական գործ ստեղծել, որովհետև սա այն թեման է, որին պիտի անդրադառնանք պարտադիր, բայց և շատ զգույշ»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։
Նա նաև ասաց, որ ներկայացումը ծանր չի լինի։ «Ներկայացման մեջ չեն լինի կրակոցներ, վիրավոր զինվորներ , թուրքի ճակտին զարկողներ։ Ներկայացումը կլինի կինոյի ճշգրտությամբ, և ամբողջապես պատմում է թիկունքի մասին, գործողությունները տեղի են ունենում թիկունքում ու պարտադիր չէ, որ բեմում ցույց տաս պատերազմ, որ հասկանաս պատերազմ է։ Մենք ունենք դրա փայլուն օրինակը. «Հին օրերի երգը», որ նայում ենք, որևէ պատերազմական դրվագ չկա, բայց երկու ժամ նայում ես, հասկանում ես, որ էստեղ պատերազմող պետության քաղաքացին է։ Նույնն էստեղ է, ամբողջ ընթացքում մարդիկ կհասկանան, որ ընտանիքը, որն ապրում է այդ տան մեջ, պատերազմող երկրի քաղաքացիներ են, հիմա պատերազմ է, բայց բուն պատերազմական գործողություններ, բնականաբար, չեն լինի։ Կլինեն պատերազմի պատրաստվող մարդիկ, մարդկային փոխհարաբերություններ։
Արդյո՞ք Գյումրիում պատերազմ չէր ապրիլի 3-ին, երբ դուրս էիր գալիս փողոց, մարդկանց աչքերից պատերազմ չէր կարդում, պարտադիր պետք է գնայիր առաջնագիծ, որ հասկանայի՞ր, պատերազմն էդտե՞ղ է։ Էն համախմբումը, միասնությունը, ինչ-որ կար, պատերազմ չէ՞ր․ Գյումրին, Երևանը, Վանաձորը, Սիսիանը,և մնացածը բոլորը պատերազմող քաղաքներ էին։ Պատերազմը միայն առաջնագծում չէ, գոնե այնտեղ տղերքը հստակ գիտեն ինչ են անում, իսկ այստեղ ավելի դժվար է, բարդ է ու թիկունքի օժանդակությունը շատ ավելի կարևոր է պատերազմի ժամանակ։ Բեմը մի ամբիոն է, որտեղից մենք պիտի բարձրացնենք մեր քաղաքացիների ռազմահայրենասիրական ոգին։ Այդ առումով մենք շատ անելիք ունենք»։
Ներկայացումը կբեմադրվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, պետական պատվերով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ