«Համոզված եմ, որ դա մեզ ուղղված չէր, քանի որ հստակ ասվում է` կիրիլիցային վերադառնալ: Դա վերաբերվում է ղազախներին, միջին ասիացիներին, գուցե մոլդովացիներին` այն խորհրդային հանրապետություններին, որոնք հետխորհրդային շրջանում հրաժարվել են կիրիլիցայից և հիմնականում անցել են լատինատառին»,-Aravot.am-ի հարցին` հայոց լեզվի պահպանության առումով ի՞նչ վտանգներ կարող է ունենալ կիրիլիցային անցումը, այսպես պատասխանեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել էր ԱՊՀ տարածքում անցնել միասնական տառատեսակի՝ կիրիլիցայի:
Պարոն Հովհաննիսյանի պնդմամբ` այս հայտարարությունն ուղղված էր կոնկրետ ղազախներին, որոնք փորձում են նույնիսկ ԵԱՏՄ շրջանակներում ինքնուրույն քաղաքականություն վարել:
Պարոն Հովհաննիսյանը նկատեց, թե ՌԴ ԿԳ նախարարի խոսքում խոսք չկա վրացիների, հայերի մասին, քանի որ մենք մեր տառերը պահպանել ենք նաև խորհրդային շրջանում, չնայած 1930-ականներին որոշ փուլային գործողություններ տարվել են հայկական տառերից հրաժարվելու առումով, բայց հայերը կարողացել են վերջիվերջո պահել իրենց այբուբենը: Սակայն, այս ամենով հանդերձ Արմեն Հովհաննիսյանն ամենևին չի արդարացնում ռուսներին. «Դա ծայրահեղ շովինիզմ է, իմպերիալիստական դրսևորում հարևան ժողովուրդների հանդեպ: Եթե իրենք ռուսերեն չեն խոսում, ուրեմն կարող են իրենց լեզուները գրել ինչպես հարմար է: Նրանք ինքնիշխան պետություններ են»:
Ռուսական շովինիզմի մասին խոսելով` պարոն Հովհաննիսյանը փաստեց ռուսների հիվանդագին մոտեցման մասին և հիշեցրեց ՌԴ սահմանադրական դատարանի որոշումն այն մասին, որով արգելվեց թաթարներին անցնել լատինատառի:
Սակայն պարոն Հովհաննիսյանը վստահ է, որ թեև ՌԴ ԿԳ նախարարի` կիրիլիցային վերադառնալու մասին հայտարարությունը մեզ ուղղված չէր, բայց ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու խոսակցություններն անընդհատ թարմացվելու են, մանավանդ, որ Արմեն Հովհաննիսյանը ՀՀ իշխանություններից ամեն ինչ էլ սպասում է. «Գուցե այդ պահին մի տրանշ խոսք տան ռուսները` փողային փոխհատուցում, ու եթե համընկնի ՀՀ իշխանությունների շահերին, ապա փաստարկներ էլ կբերեն դա իրականացնելու համար»:
Այս համատեքստում հիշեցրինք նաև Լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին մտադրությունները: Այս առիթով պարոն Հովհաննիսյանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի մասին. «Իհարկե, ոչ միայն Կարեն Կարապետյանի մասին է խոսքը, բայց չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի արժեհամակարգում մեր լեզուն բարձր դիրքերում է»:
Խնդրեցինք նման կարծիք ձևավորվելու պատճառների մասին խոսել: Պարոն Հովհաննիսյանն ասաց. «Աշխարհընկալման խնդիր է: Եթե անձը Հայաստանը դիտարկում է ռուսական աշխարհի մի մաս, թեկուզ մի քիչ ուրույն, իր համն ու հոտն ունեցող, արդեն այդ մարդու արժեհամակարգը լիովին տարբերվում է այն արժեհամակարգից, որ պիտի ունենա ՀՀ քաղաքացին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ