Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե հնարավոր է ստեղծել անկախ մարմին, այն էլ հակակոռուպցիոն…

Հունիս 12,2017 20:25

Սույն հոդվածով ընդամենը փորձ է արվում իրերը կոչել իրենց անուններով և ծայրահեղացման ոչ մի փորձ չկա: Առաջին միտքը, որը ծագում է, հետևյալն է. ինչպե±ս կարող է մարդ էակը անկախ լինել, երբ նրա վրա մշտապես, բացարձակ անընդհատորեն բազմաթիվ գործոններ են ազդում և ինքն ուղղակիորեն անընդհատ կախված է դրանցից: Իսկ, եթե մարդն անկախ չէ, այդ դեպքում ինչպես կարող է անկախ լինել մարդկանցից կազմված խումբը՝ հանձնաժողովը, մարմինը…: Անկախ է միմիայն ժամանակը և մարդկային մտքի ստեղծագործության վերջնական արդյունքը՝ գիտական, մշակութային ու այլ որոշակի արժեքներ: Մնացած բոլոր բաներն ուղղակի և անուղղակի փոխկապակցված են, հետևաբար նրանց անկախ լինելու մասին խոսք լինել չի կարող:

Այժմ անցնեմ բուն ասելիքին: Երևի, դարեր շարունակ և հատկապես վերջին տարիներին, Հայաստանյան տարբեր ամբիոններից՝ ընդհուպ իշխանությունների կողմից, անընդհատ խոսվում է կոռուպցիայի բազմակողմանի վտանգավորության մասին, որն իհարկե, իրականում էլ այդպես է ու ինչպես ամենուրեք, այնպես էլ մեր երկրում, դա է հանդիսանում բոլոր չարիքների հիմնական պատճառը: Ասվածից ուղղակիորեն հետևում է, որ սա հենց այն էր, ինչին երկար ժամանակ սպասում էր մեր հասարակությունը և կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին օրենքի ընդունումը անհնար է գերագնահատել: Այնպես, որ եկավ նաև մեր հասարակության երկարատև սպասված կարոտի հագեցման պահը և իշխանությունները ժլատ չգտնվեցին ու հասարակությանը հրամցրին այն: Եվ այսպես, երկարատև քննարկումներից հետո, Ազգային Ժողովն ընդունեց օրենք «Հակակոռուպցիոն անկախ մարմին» ստեղծելու վերաբերյալ:

Նշված օրենքը պետք է կարգավորի այդ մարմնի կազմավորման կարգը և գործունեության սկզբունքները: Մի բան հայտնի է, որ այն կկազմավորվի այս պահին գործող բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա: Նշեմ, որ սա Ազգային Ժողովի կողմից ընդունված այն եզակի օրենքներից է, որին կողմ քվեարկեց նաև Ազգային Ժողովի ընդդիմադիր հատվածը, որն էլ պարզորոշ վկայում է այն մասին, որ ընդդիմությունը հույսեր է կապում այս օրենքի ու նրա արդյունքում ստեղծվող հակակոռուպցիոն անկախ մարմնի հետ: Ինչպես վերևում նշեցի, ես ուղղակիորեն չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է այս մարմինը լինել և հետևաբար, նաև գործել  անկախ:

Ինչևէ, ամենայն հավանականությամբ, սույն օրենքով ստեղծվող հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հիմքում դրված է աշխարհի մի շարք երկրների կոռուպցիայի դեմ պայքարի փորձը և նմանատիպ կառույցների գործունեության հիբրիդացումը, պլյուս Հայաստանյան իշխանությունների պատկերացումների սպեկտորը: Զարմանալիորեն, այստեղ ամենակարևոր անակնկալն այն է, որ Ազգային Ժողովում բոլորն էլ հավատում են, որ սա իրոք անկախ մարմին է լինելու, այլապես քննարկումների ժամանակ, գոնե որևէ ուժի կողմից կհնչեցվեր. բերենք անվան միջից հանենք անկախ բառը, թողնելով միայն «Հակակոռուպցիոն մարմին» բառակապակցությունը, որը սակայն տեղի չունեցավ, որն էլ իմ գնահատմամբ Ազգային Ժողովի մեծագույն սխալն էր և որն էլ հետագայում չի արդարացնելու ժողովրդի, իշխանությունների և ընդդիմության սպասելիքներն այս դաշտում: Ասեմ ավելին. անկախ մարմին հասկացությունն ընդամենը գեղեցիկ և հուսադրող իմիտացիա է ու ոչինչ ավելին, քանզի ինչպես արդեն նշեցի վերևում, մեծագույն ցանկության դեպքում անգամ, ուղղակի անհնար է որևէ տեսակի անկախ մարմին ստեղծելը:

Ցավոք, տեղյակ չեմ, թե Սինգապուրում, Հոնկոնգում, Ռումինիայում, նախկին Խորհրդային որոշ երկրներում ստեղծված հակակոռուպցիոն մարմինները, որոնք բավականին դրական արդյունքներ են արձանագրել, կոչվել են անկախ, թե ոչ, սակայն մի բան ակնհայտ է, որ իրականում նրանք ևս չէին կարող անկախ լինել:  Ուղղակի, այդ երկրներում հիմնականում գործել է քաղաքական կամքը և իրական ցանկությունը, որոնք այս կամ այն չափով տվել են ցանկալիին մոտ արդյունքներ: Չնայած, նշված ու այլ երկրներում գործել են լրիվ տարբեր մոդելներ, դրական արդյունքներն արձանագրվել են միմիայն այն պատճառով, որ այդ երկրներում իրոք ցանկացել են հասնել նշված արդյունքներին:

Այս պահին, կարող եմ ընդամենն արձանագրել, որ սույն օրենքի ընդունումը և նշված մարմնի ստեղծումն իրոք քայլ առաջ է եղած վիճակի համեմատ ու այն արդարացված է, քանզի կամ այդքանն են կարողացել, կամ դա են ցանկացել անել: Օրենքն արդեն ընդունվել է, ես ընդամենը կառաջարկեի, որպեսզի այս օրենքից հանվեր անկախ բառը, քանզի այն ավելի ճշգրիտ և համահունչ կլինի նրա հետագա գործունեությանը, որից էլ սպասելիքները կլինեն իրատեսական, այլ ոչ թե հեքիաթային…

Իսկ, եթե ավելի ազնիվ, ապա այս ուղղությամբ որևէ օրենքի ընդունման կամ մարմնի ստեղծման կարիք չի զգացվում, քանզի բավական է մեծ կամք ու իրական ցանկություն, որպեսզի արդեն եղած և դրան կոչված մարմիններն (որոնք պահանջվածից մի բան էլ ավելին են) ուղղակի աշխատեն այդ ֆոնի ներքո: Համոզված եմ, որ այդ պարագայում արդյունքներն էապես ավելին կլինեն, քան սույն օրենքի դեպքում…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930