Հունիսի 11-ին Իրանի «Հայ համալսարանականների ընդհանուր միությունում» տեղի ունեցավ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը միության անդամների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ: Դեսպան Թումանյանը հանդես եկավ «Հայաստան-Իրան համագործակցության հեռանկարները» խորագրով ընդարձակ զեկույցով, որից հետո ծավալվեց ակտիվ քննարկում:
Ներկայացվեցին Հայաստանում գիտության և կրթության ոլորտները, կառավարության կողմից այդ բնագավառում ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև առկա հիմնախնդիրները՝ մասնավորապես ՀՀ բարձրագույն կրթության վկայականների արտերկրում ճանաչման, Հայաստանի և Իրանի գիտակրթական կառույցների ու մասնագիտական ներուժի օգտագործման և արդյունավետ համագործակցության իրականացման հարցերը:
Խոսվեց մշակութային ու հումանիտար կապերի և դրանց խորացման անհրաժեշտության մասին: ՀՀ դեսպանը տեղեկացրեց ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների ընթացիկ և հեռանկարային ծրագրերի, ինչպես նաև ՀՀ դեսպանության կողմից նախատեսվող մի շարք միջոցառումների մասին:
Դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով անդրադարձավ տնտեսական ոլորտի հարցերին՝ Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին, միջազգային կազմակերպությունների և փորձագիտական կառույցների կողմից Հայաստանի գործարար միջավայրի, մակրոտնտեսական վիճակի և ընդհանուր առմամբ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության գնահատականներին:
Նա ներկայացրեց օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացի ակտիվացման, արտահանման աճի խթանման, ՏՏ, ոսկերչության և ադամանդագործության, խմիչքների արտադրության, գյուղմթերքների վերամշակման և սննդրի արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության առաջնահերթ ճյուղերի առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվական ապահովման, ներդրումային ծրագրերի ներկայացման, խորհրդատվական աջակցության, ինչպես նաև նշված առաջնահերթ ճյուղերում իրանական ընկերությունների հետ գործունեությանն աջակցության ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:
Ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ-ի և մի շարք զարգացած երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմների ընձեռած պայմանները և դրանք իրանական տնտեսվարողների կողմից արդյունավետ կերպով օգտագործելու հնարավորությունները:
ՀՀ ԱԳՆ