ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մեջ մտնող ազգային զորախմբերի սպառազինումը պետք է կատարվի անվճար: Այդ մասին կա ծրագիր, ըստ որի հիմնական ծախսերն իրականացնելու է Ռուսաստանը:
Ծրագիրը պետք է մեկնարկեր դեռ 2015– 2016-ի սկզբին, սակայն մինչ օրս Ռուսաստանը դա չի անում եւ անվճար սպառազինություն չի փոխանցում ազգային զորախմբերին:
Անդամ պետությունները հիմա դա անում են՝ իրենց հաշվին:
ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ չի գործում այդ ծրագիրը եւ դեռ անդամ պետությունները իրենց հաշվին են այդ զենքը գնում՝ պատասխանեց. «Այո, նման ծրագիր կա, ուղղակի նման ծրագրի հետաձգումը, ձգձգումը կապված է որոշակի տնտեսական խնդիրների հետ հիմնականում ՌԴ-ի հետ: Գիտեք, այնտեղ բավականին լուրջ տնտեսական ճգնաժամ եղավ: Այդ ծրագիրը կա, հաստատված է, այն ուժի մեջ է»:
Թե ինչ քանակի զենքի մասին է խոսքը՝ պարոն Այվազյանը պատասխանեց. «Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մեջ յուրաքանչյուր պետություն զորախմբեր է տրամադրել ու այն զորախմբի մասով, ինչքան տրամադրել է, նրանց անհրաժեշտ սպառազինությունով եւ ռազմական տեխնիկայով ապահովում է, դա էլ է մեր զորքը, ինչ տարբերություն»:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀԱՊԿ-ն այդ մասով չի կատարում իր պարտավորությունները, եթե ծրագիրը հաստատված է եւ չի իրականացվում՝ Լեւոն Այվազյանը պատասխանեց. «Կարծում եմ սխալ է այդպիսի արտահայտություն անել, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները, որովհետեւ մենք նույնպես ՀԱՊԿ-ի անդամ ենք»:
ԱԺ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել է Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում, դրանք կատարման ընթացքի մեջ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ