Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս վազեցինք Հայկազի սենյակ, տեսանք՝ սաղ արյունոտված է տեղերը».Վկան՝ կուրսանտի սպանության մասին

Հունիս 12,2017 18:05

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ այսօր հարցաքննվեց նույն ինստիտուտի կուրսանտ Էրիկ Բեգլարյանը:

Նա պատմեց, որ ամբաստանյալներից բոլորի՝ բացի Գնել Թևոսյանից, նորմալ հարաբերություններ է ունեցել, լավ հարաբերություններ է ունեցել նաեւ սպանված Հայկազ Բարսեղյանի հետ: Թե ինչու Գնելի հետ լավ հարաբերություններ չի ունեցել, վկան դժվարացավ պատասխանել, ասաց՝ չգիտեմ. «Մի օր խռովել ենք, երկու օր հետո հաշտվել, նորից խռովել»:

Հայկազ Բարսեղյանին բնութագրեց որպես ուրախ ու աշխույժ տղա, ասաց՝ մի օր տխուր չէիր տեսնի:

Վկան հիշեց 2015 թվականի հունվարի 28-ին Հայկազի ու ամբաստանյալներից Վաչեի միջեւ տեղի ունեցած մի միջադեպ, որը սկսվել է ճաշարանում, երբ Հայկազ Բարսեղյանը կուրսանտներից մեկին՝ Կարեն Բաղրամյանին, դիտողություն է արել չպպացնելով հաց ուտելու համար: Ի պաշտպանություն Կարենի՝ միջամտել էր ամբաստանյալներից Վաչեն. «Այդ օրը պետք է գնայինք միջոցառման, դրա համար որոշեցինք ճաշարանում սկսված այդ խոսակցությունը շարունակել երեկոյան, ժամը հինգի կողմերը ննջասենյակում , Հայկազը սխալ չուներ այդ խոսակցության մեջ, զրույցն այդպես էլ ավարտվեց առանց հետեւանքների, բանից պարզվեց, որ Կարենն էր խաբել կատարվածի մասին»:

Վկան ասաց՝ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է դեպքի օրը երեկոյան ուշ՝ 23:00-ի կողմերը, երբ ինքը վերադառնում էր բուժկետից, իսկ Հայկազը՝ զուգարանից, ասաց միջանցքում բարի գիշեր են իրար մաղթել ու բաժանվել: Էրիկ Բեգլարյանի ննջասենյակը եղել է Հայկազի ննջասենյակի դիմաց, ամբաստանյալներից Վաչեն Էրրիկի սենյակակիցն է եղել: Վկայի պատմելով, բուժկետից վերադառնալիս, երբ մտել է ննջասենյակ, Վաչեն սենյակում է եղել. «Դեպքի մասին տեղյակ չեմ եղել, առավոտյան վեր կացանք, երբ վեր կաց տվեցին, Սամվել Սերոբյանը վազելով մտավ մեր ննջասենյակ, կոնկրետ դիմեց Վաչեին, ասաց՝ շուտ արի, մենք էլ վազելով դուրս եկանք, բոլորս վազեցինք Հայկազի սենյակ, տեսանք՝ սաղ արյունոտված է տեղերը, ես մի պահ մտածեցի՝ կարող է կատակ է արել, կարմիր պաստա է թափել: Սկսեցինք ման գալ իրեն, տեսանք՝ տուռնիկից կախված է, չթողեցին մոտենանք»:

Վկայի խոսքով, ամբաստանյալներից Վաչեն կուրսանտներին ասել է՝ մի խառնվեք, բան չկա, մի մոտեցեք. «Մարդ կար լացում էր, մարդ կար ուշքը գնաց, ընկավ»:

Էրիկ Բեգլարյանը նաեւ պատմեց, որ դեպքից հետո չորս օր անց ինքը ինստիտուտում լսել է, որ. «Իրանք են սպանել, չորս հոգով սպանել են, էդ ով որ ասում էր, ռազմական ոստիկանությունից էին եկել, երեւի էնտեղից էին լսել: Լսել եմ, որ Հայկազը հայհոյել է սենյակում, Ինչ-որ մեկը գնացել, նրանց ասել է, որ ձեր հասցեին նման բան է ասվել, բայց Հայկազը նրանց հասցեին չի ասել, իրանք էլ խմած են եղել, Հայկազին ծեծել են»:

Վկայի խոսքով, ինքը նաեւ լսել է, որ Հայկազի սենյակակիցներից մի քանիսը դեպքին ականատես են եղել, բայց վախեցել են միջամտել, հետագայում ցուցմունք տալ, որովհետեւ ամբաստանյալները սպառնացել են դեպքի օրը ննջարանում գտնված կուրսանտներին. «Անգամ ասել են, որ կմորթեն»:
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու վերաբերյալ, ըստ մեղադրողի վկայի ցուցմունքում հակասություն կար այն դրվագով, որ դատաքննության ժամանակ նա չմտաբերեց, որ ամբաստանյալները բռնություն են կիրառել ինստիտուտի որոշ կուրսանտների նկատմամբ, մինչդեռ նախաքննության ժամանակ նման դեպքերի մասին նա պատմել էր:

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել , որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ , վերը նշված անձանցով , խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930