Հունիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՄԸՄ 10-րդ համահայկական մարզախաղերի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցեցին ՀՄԸՄ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարու¬թյան աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության արտաքին ծառայության բաժնի պետի տեղակալ Գուրգեն Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Ղլեչյանը, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Նորա Փահլեվանյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՄԸՄ 10-րդ համահայկական մարզախաղերի անցկացումը, որը պատշաճ կազմակերպելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Նախարարը նշեց, որ 2018թ. ՀՄԸՄ-ն նշելու է իր գործունեության 100 ամյակը, որը մեծագույն իրադարձություն է Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում:
ՀՄԸՄ հարյուրամյակի տոնակատարությունները մեկնարկելու են 10-րդ համահայկական մարզախաղերով:
ՀՄԸՄ «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը նշեց, որ դրանք սոսկ մարզական մրցումներ չեն, այլ հայրենասիրության, հայրենաճանաչության տոնահանդես:
Բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ ճշտվեցին կազմակերպական և աշխատանքային հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ