Հունիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բուենոս Այրեսի «Հայ կենտրոն»-ի կառույցների հետ կապերի տնօրեն Խուան Սարաֆյանին, «Հայ կենտրոն»-ի քարտուղար Արամ Կարագյոզյանին, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորեց Արգենտինայի հայ համայնքի ակտիվ գործունեությունը, ներկայացրեց Արգենտինայում, Կորդոբայում, Բրազիլիայում և Քաթարում ունեցած հանդիպումներից ստացած իր տպավորությունները և նշեց, որ պետք է ավելի ակտիվացնել Հայրենիքի հետ կապը, այցելությունները Հայաստան, երիտասարդների մասնակցությունը նախարարության ծրագրերին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար: Խուան Սարաֆյանը նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և հիացած է Երևանի գեղեցկությամբ: Նա նշեց, որ Արգենտինայի մեր հայրենակիցների համար անհրաժեշտ է զբոսաշրջային ծրագրեր կազմել, որ գան, տեսնեն Հայաստանը: Արամ Կարագյոզյանը շեշտեց. «Հայաստանը Երևանը չէ միայն: Պետք է երկար ժամանակով գանք ու շրջենք Հայաստանում և Արցախում»:
Անդրադառնալով Սփյուռքի նախարարի Արգենտինա կատարած այցին՝ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հավելեց. «Ձեր այցելությունը ոգևորեց համայնքը: Դեռ շատ անելիքներ ունենք: Պետք է զորացնենք դպրոցները, հայերենը պահպանենք, նաև Հայաստանի հետ կապը ամրացնենք: Հայաստան այցելելուց հետո, առաջին խոսքը, որ արտասանում են՝ նորից վերադառնալու մասին է: Մեզ համար Ձեր ներկայությունը, Սփյուռքի նախարարության գոյությունը շատ ոգևորիչ է»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ