«ՆԱՏՕ-ի դաշնակիցները կողջունեն նման զարգացումը, նրանք ուզում են, որ ՀՀ-ն վայելի Արեւմուտքի հետ կապերը սերտացնելու հնարավորությունները»,-այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ԵՄ գործակցության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը, ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն հարգում է ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը. «Մեզ համար մտահոգիչ չէ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին: ՀՀ-ն եղել եւ շարունակում է լիներ մեր վստահելի գործընկերը: Շեշտակի առաջընթաց չեմ տեսնում, չեմ կարծում, թե ՀՀ-ն էլ նման մտադրություններ ունի, բայց կշարունակենք մեր հաստատուն գործակցությունն այն ուղղություններով, որտեղ դա ողջամիտ կհամարվի»:
Ջեյմս Ապատուրայը նաեւ հայտնեց, որ ՆԱՏՕ-ն առաջիկայում Բրյուսելում քննարկելու է Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ ուժերի թիվը մեծացնելու հարցը. «Շնորհակալ ենք ՀՀ-ին՝ նպաստելու համար Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր իրականացրած գործողություններին»:
Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ-ի հետ գործակցությանը, ՆԱՏՕ-ի պաշտոնյանի խոսքով՝ այն զարգանում է. «Մենք սատարում ենք ՀՀ զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ապահովման գործընթացին»:
Ի դեպ, Ապատուրայը լրագրողների հետ հանդիպման էր եկել վիրակապած ձեռքով: Բացատրեց, որ տեւական ընդմիջումից հետո ֆուտբոլ է խաղացել. «Մի իտալացի այնպես տշեց գնդակը, ես էլ անհաջող բռնեցի»:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ