Պոդգորիցայից վստահեցրել են, որ մեղավորները պատժվելու են։
Ֆուտբոլի ազգային հավաքականին աջակցելու համար շաբաթ օրը Չեռնոգորիա մեկնած հայ երկրպագուների FAF՝ Առաջին ճակատ ակումբի մի քանի անդամներ խաղից հետո տեղացիների կողմից հարձակման են ենթարկվել, ստացած վնասվածքից հայ երկրպագուներից մեկը հոսպիտալացվել է, ևս մեկին էլ ոստիկանները բերման են ենթարկել։
Հայաստանի արտգործնախարարությունն արդեն պարզաբանումներ է պահանջել Չեռնոգորիայի իշխանություններից։ Նախարարության խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Պոդգորիցայից վստահեցրել են, որ մեղավորները պատժվելու են։
«Չեռնոգորիայի իշխանությունների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկությունների համաձայն, տեղի է ունեցել միջադեպ երկու Չեռնոգորիայի քաղաքացի անչափահասների միջև և Հայաստանի երկու քաղաքացիների միջև՝ մեկ կնոջ և տղամարդու, տղամարդու աչքի մի մասը վնասված է եղել, անմիջապես ցուցաբերվել է բուժօգնություն, որևիցե բողոք անչափահասների դեմ չի ներկայացվել, ամեն դեպքում՝ Չեռնոգորիայի օրենսդրությամբ նախատեսվում է, որ այդ անչափահասները կենթարկվեն վարչական պատասխանատվության», – «Ազատության»-ը ասաց Բալայանը։
Նախարարության խոսնակը վստահեցնում է, որ արտգործնախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել զարգացումներին, կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերի առայժմ Հայաստան չվերադարձած երկրպագուներին։
«Ռումինիայի դեսպանությունը, որը համատեղության կարգով նաև հավատարմագրված է Չեռնոգորիայում, կապի մեջ է հայ համայնքի միջոցով մեր ֆուտբոլասերների հետ, ինչպես նաև կապ է հաստատել Չեռնոգորիայի իշխանությունների հետ։ Քանի որ մեր քաղաքացիներն են ներգրավված այդ միջադեպում, մեր ուղիղ գործառույթների մեջ է մտնում մեր քաղաքացիներին աջակցելը», – ասաց Բալայանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ չի մեկնաբանել միջադեպը։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում