Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արվեստի դպրոցի տնօրեն. «Թող ազատվածները դիմեն դատարան»

Հունիս 12,2017 15:49

Armlur.am-ը գրել էր, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում տեւական ժամանակ լարված իրավիճակ է ու ըստ աղբյուրի, դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն, առանց զգուշացնելու, աշխատանքից ազատել է դպրոցի խեցեգործության ուսուցիչ Արման Թորոսյանին եւ նախապատրաստական դասարանի ուսուցչուհի Արեւիկ Խոդերյանին, ապա փոխտնօրեն Արմինե Սողոմոնյանին, Արման Թորոսյանն ու Արեւիկ Խոդերյանը ամուսիններ են, իսկ դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանն աշխատանքից ազատված Արման Թորոսյանի մորեղբայրն է:

Aravot.am-ը կապվեց տնօրեն Արթուր Մարտիրոսյանի հետ: Նա տեղեկացրեց, որ աշխատանքից ազատել է նաեւ դպրոցում աշխատող իր կնոջը, քանի որ վարչապետն էր հայտարարել, որ դպրոցներում ընտանիքներով ու բարեկամներով չպետք է աշխատեն:

Ինչ վերաբերում է մյուսներին, դպրոցի տնօրենը հայտնեց. «Սա իրավաբանական խնդիր է, կան նաեւ աշխատանքային խնդիրներ: Այո, 3 հոգի ազատվել են աշխատանքից, ընդ որում` փոխտնօրեն Արմինե Սողոմոնյանն ազատվել է իր դիմումի համաձայն, սակայն հերքում է, ու ասում է, որ իբր ստիպել եմ դիմում գրել: Ազատվել են նաեւ Արման Թորոսյանն ու իր տիկինը` Արեւիկ Խոդերյանը: Ես Խոդերյանին որպես օտար լեզվի ուսուցիչ ընդունեցի, սակայն ստուգումների արդյունքում պարզվեց, որ նա մանկավարժ է, օտար լեզվի մասնագետ, բայց իրավունք չունի շարունակել դասավանդել, որովհետեւ նախադպրոցական դասարանում պետք է դասավանդեն նախադպրոցական դաստիարակության կրթության ոլորտի որակավորման մասնագետներ: Ես կանչեցի իրենց եւ ասացի, որ դա արվում է իրավաբանորեն:

Մեր դպրոցի քաղաքականությունը հետեւյալն է` լճացումից դուրս գալու եւ նոր որակներ ձեռք բերելու համար մեր դպրոցը պետք է մասնագիտական որակավորումները համապատասխանող մարդկանց ընդունի աշխատանքի: Այժմ ես սկսել եմ իմ բարեկամներից, եւ պրոցեսը շարունակվելու է: Իսկ ապագայում բոլոր մասնագետները պետք է մրցութային կարգով ընդունվեն աշխատանքի:

Այսպիսով, մեկն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն, երկրորդն ազատվել է Աշխատանքային օրենսգրքի այն կետով, որ մասնագիտական որակավորման անհամադրելիություն կար, իսկ Արման Թորոսյանը ազատվել է հակամանկավարժական վարքագիծ դրսեւորելու համար»,-հավելեց պարոն Մարտիրոսյանը:

Արեւիկ Խոդերյանը armlur.am-ին ասել էր, թե մի քանի ամիս առաջ Արման Թորոսյանի հետ դպրոցի տնօրենը ընդհարում է ունեցել, որը հետո խորացել է ու պատճառ դարձել ազատման: Արթուր Մարտիրոսյանն էլ ասում է` ազատվածները կարող են իրենց իրավունքները վիճարկել դատարանում, ու թող դատարանը որոշի` արդյոք անօրեն են ազատվել աշխատանքից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930