Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Մուշեղյան. «Մետրոյի 1 կայարան կառուցելու համար 50 մլն եվրոն էլ բավական է» (Տեսանյութ)

Հունիս 12,2017 15:41

Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու համար 50 միլիոն եվրոն էլ կբավականացնի: Այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը: Նրա խոսքերով՝ մետրոպոլիտենի մեկ կայարանն իր բոլոր օժանդակ հարմարություններով, այսինքն՝ զրոյից սկսելու դեպքում, կարժենա 150 միլիոն եվրո, սակայն մայրաքաղաքում կիսատ կայարանների շինարարությունն ավարտին հասցնելու համար 50 միլիոն եվրոն էլ հերիք է, քանի որ այդ, այսպես ասած՝ կիսատ կայարաններում շինարարական աշխատանքների մեծ մասը կատարված է:

Գուրգեն Մուշեղյանի ներկայացմամբ՝ խորհրդային տարիներին, երբ որոշվեց Երեւանում կառուցել մետրոպոլիտեն, պետք է 47 կիլոմետր երկարությամբ մետրոն կառուցվեր, որը 36 կայարան պետք է ունենար, սակայն շահագործման է հանձնվել ընդամենը 12 կիլոմետր երկարությամբ եւ 10 կայարան ունեցող մետրոպոլիտեն:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ մայրաքաղաքում մետրոպոլիտենի վերջին կայարանը՝ «Զորավար Անդրանիկ»-ը, շահագործման է հանձնվել 1989 թվականին, իսկ 1996 թվականին էլ շահագործման է հանձնվել «Չարբախ» դեպոն, հետո շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Ըստ Սարգսյանի, բայց խոսում էին, որ մինչեւ 2000 թվականը մետրոպոլիտենի կայարանների թիվը պետք է հասցվի 32-ի:

Սուրեն Սարգսյանը մետրոպոլիտենի կայարաններ կառուցելու համար առաջարկում է ստեղծել «Երեւանյան մետրոպոլիտեն» հիմնադրամ, որտեղ ներդրումներ կկատարեն ինչպես պետությունը, այնպես էլ սփյուռքից՝ բարերարները: Սարգսյանն ասաց, որ այս հիմնադրամ գումարներ կգան սփյուռքից, եթե Աջափնյակի չգործարկված երկու կայարանները՝ Շառլ Ազնավուրի եւ Քըրք Քըրքորյանի անուններով անվանակոչվեն:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանախոսներն այն կարծիքին են, որ ժամանակակից մայրաքաղաքներում մետրոն կառուցելով տրանսպորտային միջոցներից բեռնաթափմանը կօգնեն, խցանումները կնվազեցնեն:

Իսկ թե ինչո՞ւ չեն կառուցվում գոնե կիսատ մնացած կայարանները, ըստ բանախոսների, դրան խոչընդոտում են «գծատերերը»:

Բանախոսները նաեւ կարծիք հայտնեցին, որ մետրոյի կայարանների կառուցման համար ներդրումների հետվերադարձելիությունը երկարաժամկետ է, մինչդեռ տրանսպորտային համակարգում ներդրում անողները ձգտում են արագ եկամուտներ ստանալ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930