Հունիսի 10-ին կայացան «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի երգարվեստի լսումները: Շուրջ 40 երիտասարդ երգիչ-երգչուհիներ, որոնք որոշել են իրենց համար ճանապարհ հարթել երգի ասպարեզում, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում ներկայացան իրենց լավագույն կատարումներով: Նրանք հանդես եկան երգեցողության երեք ժանրերում` դասական, էստրադային և ժողովրդական:
«Արտ Ֆեստ» միջազգային փառատոնում նաև երգարվեստի լսումներն էին «բազմազգ»: Հայաստանցի մասնակիցներից բացի` մրցում էին նաև Ուկրաինայից, Իրանից և Ղազախստանից ժամանած երիտասարդները:
Կատարումները գնահատում էին մասնագիտական ժյուրիի անդամներ ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանը և Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալի ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանը:
«Ես արդեն 3 տարի է` ընդգրկված եմ փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում և կարող եմ մի բան շատ հստակ ասել. տարեցտարի մասնակիցների որակական աճ եմ նկատում: Թեպետ բոլորը հավասար հնարավորություններով չեն, բայց կային այնպիսի մասնակիցներ, ովքեր արդեն պատրաստի երգիչներ են»,- ասում է Արզաս Ոսկանյանը:
Ժյուրին իր որոշումն արդեն կայացրել է` ընտրելով յուրաքանչյուր ոլորտի լավագույն երգչին ու երգչուհուն: Իսկ թե ովքեր են նրանք, կիմանանք միայն հունիսի 19-ին` փառատոնի փակման արարողության և մրցանակաբաշխության ժամանակ:
Հիշեցնենք, որ «Արտ Ֆեստ 2017»-ում երգարվեստի լսումներին կհաջորդեն կինոդիտումները, որոնք կկազմակերպվեն հունիսի 13-14-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Հունիսի 13-ին` նախքան մասնակից ֆիլմերի դիտումը, կանցկացվի վարպետության դաս, որը կվարեն կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ու դերասան Միքայել Պողոսյանը:
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ