Հարցին, թե չե՞ն պատրաստվում բոյկոտել Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, ինչպես որ արել է «Երկիր Ծիրանին»,
եւ ինչպե՞ս են վերաբերում «Երկիր Ծիրանիի» արարքին, «Ելք» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ չի ցանկանում «Երկիր Ծիրանիի» հետ կապված գործողություններն ինքը մեկնաբանել, ինչ վերաբերում է չմասնակցելուն, պարոն Խաժակյանն ասաց. «Մենք եկել ենք մասնակցելու Տեղական ինքնակառավարման մասին օրենքով նախատեսված Երեւանի ավագանու 2-րդ նիստին, որը թեեւ արարողակարգային է, բայց կրում է ֆորմալ նիստի բնույթ»:
Մանրամասները` տեսանյութում
Նույն հարցի առնչությամբ, «Ելք» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ ամեն մեկն իր գործելու ճանապարհներն ունի. «Մենք` «Ելքի» ավագանու անդամներս, աշխատանքի ենք եկել: Սա աշխատանքի մի մասն է, ժողովուրդն ինձ ընտրել է, հիմա ես կգամ երդմնակալությանը, թե չեմ գա, չեմ կարծում, որ դա շատ կարեւոր բան է ու դրանից բխելու է իմ գործերի արդյունավետությունը»:
Տիկին Բախշյանն ասաց, որ իր բարձրացրած մոտ 250 հարցերի 30 տոկոսն է լուծում ստացել Տարոն Մարգարյանի կողմից, որին գնահատական տալ Անահիտ Բախշյանը չցանկացավ` լավ է, վատ, թե` բավարար:
Անահիտ Բախշյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանը երեւանցիներին տված խոստումներին էլ է 30 տոկոսով տեր կանգնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ