Լրահոս
Օրվա լրահոսը

Թունաբան. «Օձերի խայթոցներն այս տարի ավելացել են»

Հունիս 12,2017 14:40

Այս տարի Հայաստանում գրանցված օձերի խայթոցի դեպքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են: Այսօր «Արմենիա սպուտնիկ» մամուլի ակումբում հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն ասաց, որ այս տարի ապրիլի 18-ից սկսած Հայաստանում օձերի խայթոցի 42 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 դեպքի փոխարեն։ Օձերի խայթոցից մահվան դեպքեր, ըստ թունաբանի, չեն եղել:

Գաբրիելյանը քաղաքից դուրս մեկնող հանգստացողներին խորհուրդ տվեց, թե ինչպես վարվել, երբ հանգստյան գոտում օձ տեսնեն: Ըստ թունաբանի, երբեք պետք չէ փորձել բռնել օձին, օձը երբեք առաջինը չի հարձակվում, դա նրա բնազդն է. «Հարձակվելուց առաջ օձը միշտ ֆշշացնում է, զգուշացնող ազդանշան է տալիս։ Եթե կանգնեք անշարժ կամ շրջանցեք, նա երբեք առաջինը չի հարձակվի»:

Օձի խայթոցի դեպքում, ինչպես ասաց Գաբրիելյանը, առաջին րոպեներին լավ կլինի թույնն արտածծեք վերքից, ապա թքել։ Սակայն ոչ բոլորին է խորհուրդ տրվում թույնն արտածծել, այս մեթոդը հակացուցված է փչացած, վնասված ատամ ունեցողներին, կամ բերանի խոռոչում, ստամոքսում, տասներկումատնյա աղիքում որեւէ վնասվածք կամ խնդիրներ ունեցողներին:

Օգոստոս ամսին խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել, քանի որ օձերը հենց այդ ամսին են ակտիվանում:

Անդրադառնալով կարիճների խայթոցներին, պարոն Գաբրիելյանն ասաց, որ սեւ կարիճներն ավելի վտանգավոր են, այս տեսակի կարիճները, հիմնականում տարածված են Էջմիածնում եւ Արմավիրում։ Սեւ կարիճների խայթոցի դեպքում էլ թունաբանը խորհուրդ տվեց ինքնաբուժմամբ չզբաղվել եւ անհապաղ բժշկի դիմել, գնալ հիվանդանոց: Իսկ դեղին կամ բաց գույնի կարիճների խայթոցներն, ըստ թունաբանի, մահացու չեն, սրանց խայթոցի արդյունքում առաջանում է տեղային ցավ, հնարավոր է նաեւ ալերգիկ ռեակցիա լինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930