Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոլորակի վրա մեր աստվածները մեզ ստեղծողներն են». Բոստանջյանը հայրանունով դիմելը հարգանքի նշան է համարում

Հունիս 12,2017 14:19

Արա Սաենիչ, Խոսրով Մելիքիչ, Վարդան Բաբկենիչ…Ահա այսպես Ազգային ժողովում հաճախ լսում ենք, թե ինչպես են պատգամավորները միմյանց դիմում հայրանունով, ընդ որում՝ ռուսերեն:

Հայրանունով գործընկերներին դիմողներից է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ սա ԽՍՀՄ-ից եկած սովորությո՞ւն է, թե՞ հատուկ իմաստ եք տեսնում պատգամավորներին հայրանունով դիմելու մեջ: Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ոչ, դա բացարձակապես կապ չունի: Գիտեք ինչ, հայ իրականության մեջ դեռեւս Խորհրդային միությունը, Ռուսաստանը գոյություն չուներ՝ հայ մարդիկ անվանվել են կամ ծնողով կամ տեղանունով, որտեղ ապրել են՝ Վարդան Այգեկցի, օրինակ: Հնուց եկած է դա: Հայր ինստիտուտը մեր մոտ ֆետիշ է եղել, հասկանո՞ւմ եք: Այդ ֆետիշը պահպանվել է: Հիմա եթե դուք ուզում եք դա կապել ԽՍՀՄ-ի հետ, ասեմ՝ կապ չունի բացարձակ: Բոլոր դեպքերում դա հարգանք է: Մինչեւ անգամ, երբ մենք անցանք ազատական հարաբերությունների եւ շուտափութորեն որոշները ուզեցին նետել հայրանունը, ես սարսափելի զարմացա: Մտածեցի՝ այս մարդիկ որտեղի՞ց են ստեղծվել: Երբեք չի կարելի մոռանալ այն տեղը, այն մարդը, որից դու ստեղծվել ես: Մենք Աստծուն ենք պաշտում, ուրեմն մոլորակի վրա մեր աստվածները մեզ ստեղծողներն են»:

Մեր հարցին՝ ես Ձեզ պարոն Բոստանջյան եմ դիմում, հիմա եթե դիմեմ Վարդան Բաբկենիչ, դրանից Դուք կզգաք, որ ես Ձեզ ավելի՞ եմ հարգում՝ նա պատասխանեց. «Ես նորմալ եմ ընդունում, երբ ինձ ասում եք պարոն Բոստանջյան, որովհետեւ ժամանակների ընթացքում, դուք լինելով համեմատաբար ավելի երիտասարդ, դիմելու նման ձեւը ձեզ համար դարձել է ավելի նորմալ»:

Վարդան Բոստանջյանը վստահեցրեց՝ «Ես երբեք հայրանունով դիմելիս «չ» տառը չեմ ասում: Ասում եմ՝ Խոսրով Մելիքի, Վահրամ Վաղինակի՝ Վաղինակի տղա: Սովետի վախտ էլ ես չ-ով չեմ ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930