Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Մեր անվտանգությունը պետք է ուշադիր լինի ու հույսը չդնի ռուսների վրա»

Հունիս 12,2017 14:11

«Ի պատիվ մեր երկրի, մեր կողմից Իրանի վերջին իրադարձությունների հետ կապված անհրաժեշտ ուշադրություն դրսեւորվեց ու ճիշտ արձագանք եղավ»,- այս կարծիքին է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Մերձավորարեւելյան ցնցումներ. հին մրցակցություն եւ նոր մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ  քաղաքագետը նկատեց` ՀՀ շահագրգիռ է տարածաշրջանի կայունությամբ: Պատճառը` կոմունիկացիաների մատչելիության մեր խնդիրն է: Հարեւան Իրանի խորհրդարանում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը, պաշտոնական Երեւանի դիրքորոշումը քաղաքագետը դրական է գնահատում`հավելելով. «Մեր անվտանգությունը պետք է ուշադիր լինի ու հույսը չդնի ռուսների վրա»:

Ի դեպ, իրանական իրադարձություններից հետո, միջազգային շուկայում կանխատեսվում էին նավթի համաշխարհային գների վերանայում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների: Քաղաքագետը փաստում է` նավթի գների որեւէ փոփոխություն տեղի չունեցավ:

«Իրանցիները ոչ միայն կարողացան հաջողությամբ կարգավորել ստեղծված իրավիճակը, այլեւ լուծել ահաբեկչության խնդիրը։ Իրանի ներսում համախմբում կա. իրանցիները տիրապետում են իրավիճակին։ Իրանն այնքան շատ խնդիրներ ունի, որ այս ահաբեկչությունն ընդամենը ընթացիկ մի բան էր, որի վրա շատ չեն կենտրոնանում…Այսպես ասենք` սա Ավարայրի ճակատամարտը չէր»,- սա իրանական իրադարձությունների` իրանագետ Վարդան Ոսկանյանի մեկնաբանությունն է:

Իրանը, ըստ բանախոսի, եղել եւ մնում էր Հայաստանի ամենավստահելի գործընկերն իբրեւ հարեւան երկիր: Նա պատմական էքսկուրսով նկատում է` Իրանի հետ Հայաստանը երբեւէ խնդիր չի ունեցել, նաեւ քաղաքական հարաբերություններում. «Անգամ ամենաճգնաժամային իրավիճակում երկու երկրները կարողացել են արագ լուծել խնդիրը։ Բնականաբար, այս երկրում ահաբեկչական յուրաքանչյուր գործողություն վատ է մեր երկրի համար։ Լրացուցիչ զգոնությունը մեզ չէր խանգարի, սակայն խուճապը, թե ահաբեկչությունը մոտեցել է մեր սահմաններին, ավելորդ է. այն միշտ մոտ է եղել մեր սահմաններին։ Անվտանգության մարմինները աչալրջության մակարդակը որոշակի պետք է բարձրացնեն, սակայն անտեսանելի տիրույթում, որպեսզի ավելորդ խուճապ չլինի»:

Այն, որ Հայաստանը սիրիական ճգնաժամում բարեկամական հարաբերություններ է պահում Բաշար Ասադի հետ, Սիրիային հումանիտար օգնություն է ուղարկվում, ըստ իրանագետի, որոշակի վտանգ առաջացնում է մեր երկրի համար` ահաբեկչության թիրախ դառնալու տեսանկյունից, սակայն այդ ռիսկերը կառավարելի են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը`նրա կարծիքով, ինչքան Իրանում իրավիճակը սրվի եւ վատանա, այնքան ձեռնտու է Ադրբեջանին։

Այս համատեքստում անդրադառնալով արդեն Կատարի դեպքերին, արաբագետ Արմեն Պետրոսյանը հավելեց` տարածաշրջանում փաստացի նոր իրավիճակ է` հակաահաբեկչական կոալիցիան տրոհվեց: Արաբագետը Հայաստանի համար կարեւոր է համարում Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Կարծում է, ջղագրգիռ դրսեւորումներից պետք է զերծ մնանք. «Մեզնից պահանջվում է հետեւել գործընթացներին ու իրավիճակային ադեկվատ քայլեր, հետեւություններ անել ու մանեւրել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930