Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերի բռնի խոշորացումը Հայաստանի անվտանգության սպառնալիք է

Հունիս 12,2017 15:30

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության
վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին

Մինչ Եվրամիության անդամ երկրներում, անգամ Ռուսաստանի Դաշնությունում, մեծ ճիգեր են գործադրում վերականգնելու տեղի բնակչության բնական աճը, ծնելիության մակարդակը, Հայաստանի կառավարությունը կարծես երկար մտորումների մեջ է ժողովրդագրական լրջագույն խնդիրների պարզ լուծումների շուրջ: Հիշյալ պետություններում դեմ չեն անգամ ուրիշների հաշվին մեխանիկական աճ ապահովելու՝ դրա համար ակնհայտ ծուղակներ եւ թակարդներ լարելով հատկապես Հայաստանի եւ նրա մակարդակում գտնվող այլ երկրների աշխատունակ բնակչությանը ներգրավելու դարակազմիկ ծրագրերում` հեշտացնելով որակյալ աշխատուժի միգրացիայի գործընթացը: Տասնամյակների ընթացքում Հայաստանում եւ Արցախում դատարկված, լքված բնակավայրերի թիվը կրճատելու, դրանք վերաբնակեցնելու փոխարեն՝ այն այսօր կարծես ավելացնում ենք սեփական կառավարության նախաձեռնությամբ:

Ֆինանսական ճգնաժամի փուլում վերսկսված զանգվածային արտագաղթի պայմաններում իշխանության միջանցքներում վերստին թեւածում է գյուղերի խոշորացման չարաբաստիկ ուրվականը: Վերջինիս պաշտոնական նպատակն է բարձրացնել գյուղերի եւ գյուղատնտեսության կառավարման արդյունավետությունը: Իսկ իրականում այն նպաստում է գյուղերից դեպի քաղաքներ (հիմնականում Երեւան) գյուղացիների մեծաքանակ շարժին` ուրբանիզացիային, իսկ ավելի ուշ վերածվում է երկրից արտագաղթի նոր ալիքի: Ծրագրի բովանդակությունից պարզ երեւում է, որ նրա հեղինակներն անտեղյակ են 20-րդ դարի 50-70-ական թվականներին գյուղերի խոշորացման ավերիչ հետեւանքներին. Հայկական ԽՍՀ-ում գյուղերի թիվը կրճատվեց 1192-ից մինչեւ 918, այսինքն` մենք կորցրինք 275 գյուղ, որոնցից շուրջ 50-ը մտավ քաղաքների կազմի մեջ, իսկ մյուսները, այսինքն` բացարձակ մեծամասնությունը, լքվեցին, ամայացան: Դրան ուղեկցեցին շուրջ 500 հազար հեկտար գյուղատնտեսական մշակելի հանդակների լքումը, խոպանացումը, լեռնային ընդարձակ մշակելի հողատեսքերը վերածվեցին արոտավայրերի:

Հայաստանյան ագրարային հատվածի այդ կորուստն անդառնալի հետք թողեց մեր տնտեսության եւ տարաբնակեցման նկարագրի վրա: Նոր, ավելի «ժամանակակից» նախագիծը խոստանում է մեզ է՛լ ավելի խորացնել հիշյալ ազգային կորուստը:
Այսօր հիմնավոր մտավախություն ունենք, որ նոր ծրագրի կիրառումով կհասնեն ճիշտ հակառակ արդյունքի, քան հավատում եւ հավատացնում են նրա հեղինակները: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հետը կհանեն»:
Ծրագրի հեղինակների կարծիքով` գյուղերի խոշորացումը (տվյալ դեպքում նրանք նկատի ունեն գյուղական համայնքների կառավարման խոշորացումը) կբերի կառավարման ծախսերի կրճատման, ինչպես նաեւ կենտրոնացված միջոցների ավելի նպատակային ներդրման սոցիալական ոլորտում:

Այդ զուտ հաշվապահական մոտեցումը զուրկ է որեւէ գիտական հիմքից: Նրա հեղինակներն աչքի առաջ են ունեցել սոսկ գյուղապետարանի վարչական ծախսերը եւ ակնհայտորեն աչքաթող են արել այն ծախսերը, որոնք կապված են լինելու դեպի գյուղապետարան տանող ճանապարհի երկարացման հետ. չէ՞ որ աշխատող գյուղացին կամ թոշակառուն այժմ հարկադրված կլինեն ինչ-ինչ հարցեր լուծելու համար արդեն երեք-չորս անգամ ավելի ժամանակ եւ միջոցներ ծախսելու: Մի՞թե ժամանակը փող չէ: Եթե ոչ, ապա ի՞նչ միջոցներով պետք է չափել բարոյահոգեբանական կորուստը, որը կրելու է գյուղացին այդ երկարացված ճանապարհին:

Ինչ վերաբերում է զուտ ֆինանսական միջոցների օգտագործմանը, ապա հաստիքների կրճատումը եւ գյուղապետարանի բյուջեների կենտրոնացումը կարող են միայն դիմազրկել այդ միջոցների օգտագործումը եւ ավելացնել դրա հետ կապված չարաշահումները: Նույնիսկ լավագույն դեպքում միջոցների կենտրոնացումը տեղի կունենա ավելի փոքր համայնքների հետագա տկարացման եւ կազմալուծման հաշվին:

Այսպիսով, գյուղական համայնքների կառավարման միավորումը եւ ֆինանսական միջոցների կենտրոնացումն անխուսափելիորեն կհանգեցնեն՝

1. այդ միջոցների դիմազրկմանը եւ դրանց չարաշահումների մեծացմանը,
2. փոքր գյուղերի հետագա տնտեսական տկարացմանը, եւ թերեւս ամենակարեւորը`
3. այն բերելու է բնակչության` գյուղից գյուղ հարկադրված եւ անտեղի երթեւեկության տրանսպորտային ծախսերի աննախադեպ ավելացմանը, փոքր գյուղերի բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի վատթարացմանը, մարդկային գործոնի բացասական դերի ուժեղացմանը գյուղում:

Նոր «ծրագրի» հեղինակների առաջարկի համաձայն՝ 913 գյուղերի կառավարումը պետք է կենտրոնացվի մոտավորապես 300 խոշոր գյուղերում, ասել է թե՝ գյուղապետ ունենալու իրավունքից զրկելու են ավելի քան 600 գյուղի: Ի վերջո, ինչ է սպասվում մեզ գյուղապետարանների խոշորացումից հետո, երբ 913 գյուղապետարանից հետո մենք կունենանք 315: Կհեշտանա՞ արդյոք գյուղի եւ գյուղատնտեսության կառավարումը, թե՞ ճիշտ հակառակը` կդժվարանա: Կհեշտանա միայն գյուղապետերի կառավարումը վերադաս վարչական մարմինների կողմից, քանզի 913-ի փոխարեն նրանք գործ կունենան ընդամենը 315 գյուղապետի հետ: Սակայն միավորված գյուղերի կառավարումն առնվազն երեք անգամ կդժվարանա, քանզի, ամենայն հավանականությամբ, նշանակովի իշխանությունն ուղղակի եւ փոխաբերական իմաստով կհեռանա գյուղացուց:

Եթե հաշվի առնենք, որ այդ գյուղերի ճնշող մասը գտնվում է լեռնային եւ սահմանամերձ գոտում, ապա ակնհայտ է դառնում հարցի ռազմավարական նշանակությունը: Հետեւաբար վստահորեն կարելի է կանխատեսել, որ նման «իշխանազուրկ» գյուղերի մեծագույն մասը դատապարտված է ժամանակի ընթացքում լքման ու ամայացման:
Արդյոք հասկանո՞ւմ են դա ագրարային «բարեփոխման» մերօրյա հեղինակները: Կարծում ենք` չեն հասկանում: Չի կարելի կտրել ճյուղը, որի վրա նստած ենք:
Կոլխոզ-սովխոզային ժամանակաշրջանի վերջին մոհիկանները վկայում են, որ գյուղերի եւ գյուղապետարանների (գյուղսովետների) խոշորացումից-ապախոշորացումից հետո մեր գյուղատնտեսությունն այլեւս ուշքի չեկավ: Դա է վկայում նաեւ վիճակագրությունը: Իսկապես, համայնատիրական կարգի գոյության վերջին 2-3 տասնամյակներում Հայաստանի գյուղատնտեսության զարգացման տեմպերը, միջին հնգամյա ցուցանիշները նվազեցին 5-10%-ից մինչեւ 5-0,5%: Այլ խոսքով՝ հանրային գյուղատնտեսությունն այդ տարիներին դոփում էր տեղում, ինչը եւ ավարտվեց համայնավարական ագրարային կարգի տխուր եւ համատարած փլուզումով:

Ինչպես վկայում է տնտեսագիտական-վիճակագրական վերլուծությունը, Հայաստանի գյուղերը խոշորագույնն են ամբողջ ԱՊՀ տարածքում: ՀՀ մեկ գյուղի բնակչության միջին թիվը մոտ 1500 մարդ է, որը 2,5 անգամ գերազանցում է ԱՊՀ միջին ցուցանիշները: Համեմատության համար նշենք նաեւ, որ Վրաստանում գրեթե նույն ցուցանիշներն են, ընդ որում՝ այնտեղ առկա են լեռնային բնակավայրերի հիմնախնդիրներ: Ինչո՞ւ մեր հարեւանները չեն խոսում գյուղերի խոշորացման մասին: Երեւի դեռ չե՞ն հասկանում, որ դա լավ բան է:

Հիշեցնենք ընթերցողին, որ խոշոր տնտեսությունների առավելության մասին «դասական» մարքսիստական տեսությունը վաղուց արդեն մերժվել-հերքվել է կյանքի եւ գիտության կողմից՝ որպես հակագիտական մոլորություն: Ասվածը վերաբերում է նաեւ խոշոր տնտեսությունների կառավարմանը. նման խոշոր եւ գերխոշոր տնտեսությունների կառավարումն անհամեմատ ավելի բարդ է եւ ցածր արդյունավետ: Եթե գյուղերի եւ գյուղապետարանների խոշորացման հեղինակները հակառակ կարծիքի են, ապա, ինչպես ասում են, ավելի վատ իրենց համար: Սակայն նման ծրագրերը նրանց հեղինակներին վնաս չեն բերում: Ավելին, նույնիսկ օգուտ կարող են բերել, երբ դրանք ֆինանսավորվում են Արեւմուտքի տարբեր կառույցների դրամաշնորհներից: Դրանից հետո էլ ինչ փույթ, որ դրանք ավերիչ են մեր տնտեսության համար: Իսկ Արեւմուտքը, որտեղից կարող են հնչել նման հորդորներ, եւ որի հետ փորձում են համեմատել մեր երկիրը, ունի խիստ հակասական փորձ այս հարցում: Հատկանշական է, որ իրենց իսկ` եվրոպացիների խոստովանությամբ, այնտեղ, ուր դիմել են համայնքների համատարած եւ արագ խոշորացման, գրեթե կորցրել են գյուղացիությունը որպես դասակարգ եւ այժմ լուրջ սպառնալիքներ են ստեղծել սեփական երկրի համար: Եվ հակառակը՝ գյուղացիությունը եւ գյուղատնտեսության մրցունակությունը պահպանվել են այն երկրներում, որոնք ավելի հավասարակշիռ մոտեցում որդեգրեցին այս հարցում: Գերմանիայում, օրինակ, այս գործընթացը տեւեց 10 տարի` 1965-1975թթ., իսկ Շվեդիայում նույն գործընթացի համար պահանջվեց 44 տարի` 1951 թվականից սկսած մինչեւ 1995 թվականը: Ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայի երկրներին, ապա մեկ համայնքի բնակչության միջին թիվը Չեխիայում 1680 մարդ է, Սլովակիայում՝ 1846, Հունգարիայում՝ 3290, մեր երկրի գյուղական համայնքներում՝ 1443: Հազարից պակաս բնակչություն ունեցող համայնքներն այս երկրներում համապատասխանաբար կազմում են ամբողջի՝ 79,8, 68,5, 52,6 տոկոսը, մեր երկրում` 52,5%-ը:

Հայաստանում, ինչպես հայտնի է, համայնքները միմյանցից խիստ տարբերվում են բնակչության թվով: Հայաստանում միջին հաշվով մեկ համայնքում բնակվում է 4084 մարդ, առանց Երեւան քաղաքի՝ 2777, իսկ միայն գյուղական համայնքներում՝ 1443 մարդ: Ընդ որում, մինչեւ 200 բնակիչ ունեցող 96 համայնք կա, 201-ից 500 բնակիչ ունեցող՝ 176, 501-ից 1000 բնակիչ ունեցող՝ 185, 1001-ից 3000 բնակիչ ունեցող՝ 318, 3001-ից բարձր բնակիչ ունեցող՝ 96 գյուղական համայնք:

Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի 871 գյուղական համայնք, որոնցից 700-ը` լեռնային շրջաններում, դրանց զգալի մասը բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղեր են: Դրանցից յուրաքանչյուրի ամրապնդումն ունի կենսական, ավելի ճիշտ` ռազմավարական նշանակություն մեր հանրապետության համար: Մինչդեռ եթե առաջնորդվենք գյուղերի եւ գյուղապետարանների խոշորացման ծրագրով, նշված 700 գյուղերից «իշխանազուրկ» կդառնա շուրջ 500 գյուղ: Դա է վկայում 20-րդ դարի խոշորացումների դառը փորձը: Ո՞վ կարող է հաշտվել նման հեռանկարի հետ, չէ՞ որ այդ գյուղերն աստիճանաբար կլքվեն (պատճառներն արդեն ներկայացրել ենք) եւ կդատարկվեն ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում:

Ո՞վ կարող է ավելի լավ ծառայություն մատուցել մեր չորսբոլորը խրամատավորված հակառակորդներին:

Մի՞թե խոշորացման ծրագրի հեղինակներն ապրում են ինչ-որ վիրտուալ-երեւակայական, շվեյցարանման մի երկրում եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, որն ապրում-մաքառում է՝

– թշնամական շրջափակման պայմաններում,
– միջպատերազմական (պատերազմը դեռ չի ավարտվել) պայմաններում,
– վերջապես, տնտեսական ճգնաժամի պայմաններում, որի վերահաս վտանգը կախված է մեր գլխին:

Վերջաբան. կամ ո՞ւմ է ծառայում համայնքների խոշորացման ծրագիրը

Ամփոփենք: Նկարագրված արտակարգ իրավիճակի պայմաններում մարտնչող երկրում գյուղերի եւ գյուղապետարանների առաջարկվող խոշորացման ծրագիրը պետք է դիտվի առնվազն որպես վարչական արկածախնդրություն: Հետեւաբար այդ ծրագիրն այսօր պետք է կասեցվի եւ հանվի շրջանառությունից՝ չժխտելով, որ երբեւէ պետք է սկսել նաեւ այդ գործընթացը: Միայն մի քանի լուրջ վերապահումներով: Մինչ համայնքների խոշորացման գործընթաց սկսելը՝ Հայաստանն անկասկած պետք է լուծի առնվազ երեք հիմնախնդիր: Առաջին` Արցախի եւ ազատագրված շրջանների միջազգային կարգավիճակի ամրագրումը: Երկրորդ` լեռնային բնակավայրերի լիարժեք բնակեցումը եւ համաչափ զարգացումը: Երրորդ` ազգային մրցակցային տնտեսության կայացումը: Դա այն ժամանակն է, երբ հարաբերությունները մեր ոխերիմ հարեւանների հետ կլինեն նույնքան քաղաքակիրթ, որքան ֆրանս-գերմանական հարաբերություններն այսօր: Հասկանալի է, որ այս խնդիրները ոչ թե մի քանի տարվա, այլ մի քանի սերնդի նպատակային գործողությունների կարիք ունեն:

Փոխարենը մի գյուղ շենացրեք, դարձրեք օրինակելի ու հզոր, տարածեք հաջող մոդելը:
Փորձադաշտ մի դարձրեք ողջ երկիրը:

 

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

«Առավոտ»

10.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930