Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջությունն ու կինոն կապող Մեսսինան «Ոսկե ծիրանի» ժյուրիում է

Հունիս 12,2017 12:46

14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում է Միքելանջելո Մեսսինան: Նա Իսկիայում (Իտալիա) 2001-ին հիմնել է «Կինոն և տարածքը» նախագիծը, որի նպատակն էր կոմերցիոն կապ ստեղծել լսատեսողական արտադրանքի ու տարածքների միջև:

2003-ից Մեսսինան Իսկիայի միջազգային կինոփառատոնի պրոդյուսերն ու գեղարվեստական ղեկավարն է: Մեսսինան 2005-ին, համագործակցելով իտալական և միջազգային կինոհանձնախմբերի հետ, ընդարձակել է նախագիծն ու կազմակերպել Տարածքների և կինոզբոսաշրջության միջազգային փոխանակման առաջին հանդիպումը՝ նվիրված կինոզբոսաշրջության ասպարեզում կուտակված փորձի քննարկմանն ու փոխանակմանը:

2006-ին նա Իտալիայի զբոսաշրջության փոխանակում (BIT) կազմակերպության հետ ձեռնարկել է Իտալիայում առաջին հետազոտությունը, որի նյութը այլազգի զբոսաշրջիկների ընտրած ֆիլմերն էին Իտալիայի հիշատակմամբ:

2009-ին Մեսսինան ստեղծել է կինոզբոսաշրջության մշտապես գործող գիտական դիտարանը, որի հիմնադիր նախագահն է առայսօր: 2005-ից իր փորձը կիսում և տվյալներն է տրամադրում այն միջազգային համաժողովներին, որոնք նվիրված են զբոսաշրջությունը խթանող համաշխարհային կինոյի երևույթին: Նա նաեւ համագործակցում է համալսարանների հետ:

2007-ից Միքելանջելո Մեսսինան Իտալիայի կինոփառատոնների վարչության անդամ է և հանդես է գալիս միջազգային ժյուրիների կազմում: Ինչ վերաբերում է Իսկիայի փառատոնին, նշենք, որ անցյալ տարի կինոյում ունեցած վաստակի համար վերջինիս պատվավոր մրցանակին է արժանացել հանրահայտ Մարգարեթ Ֆոն Թրոթան, որն ի դեպ, 2013-ին 10-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի երեւանյան պրեմիերաներ արտամրցութային ծրագրում ներկայացրեց իր «Հաննա Արենդտ» ֆիլմը: Տարբեր տարիներին Իսկիայի կինոփառատոնի մրցանակին են արժանացել Վիտտորիո Ստորարոն, Աբել Ֆերարան, Ամոս Գիտայը եւ ուրիշներ:

Վերջինս 2014-ին Հայաստանում էր «Ոսկե ծիրանի» շրջանակում իր ֆիլմերից չորսի` «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի», «Ավետյաց երկիր», հետահայաց ցուցադրությունների առիթով:

Հավելենք, որ ժամանակին Իսկիայի կինոփառատոնի պատվավոր մրցանակ է շնորհվել նաեւ պարսիկ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կինոյի վարպետ Աբբաս Քիառոստամիին, որին Միքելանջելո Մեսսինան որակել էր համաշխարհային կինոյի անվիճելի հանճար ու հայտարարել, որ Քիառոստամիի նման պատվավոր հյուր ունենալը իր փառատոնում երազանքի իրականացում է: Կինոյի մեկ այլ երախտավոր` Ժան Լյուկ Գոդարն էլ ասել էր, թե կինոն սկսվում է Դեյվիդ Ուորկ Գրիֆիտից եւ ավարտվում Աբբաս Քիառոստամիով:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930