Լրահոս
Օրվա լրահոսը

Կինն ասածն արժանահավատ դարձնելու համար դիմել էր նաեւ ինքնավնասման

Հունիս 12,2017 15:00

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հիմքով

Հինգ անչափահաս երեխաների մայր Գ. Ս.-ն ՀՀ ոստիկանության բաժնում հաղորդում էր տվել հանցագործության մասին, հայտնելով, որ Ալափարս գյուղում իր մոր կազմակերպմամբ, ոստիկանության ծառայող Ա. Բ.-ն ընկերոջ հետ բռնաբարել են իրեն, մեկ այլ դրվագով էլ, նույն այդ անձինք ավտոմեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել: Ըստ հաղորդման երրորդ դրվագի էլ, ոստիկանության աշխատակիցը թմրանյութ էր տվել նրան, ամուսնու ավտոմեքենայում տեղադրելու, ապա նրան բռնելու, գործ սարքելու համար:

Տիկինն ասածն արժանահավատ դարձնելու համար դիմել էր նաեւ ինքնավնասման:
Ափսոս, որ հերթական արտառոց գործի դատաքննությունն անցել է արագացված ընթացակարգով: Դատարանը տիկնոջը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, սահմանել պատիժ ազատազրկում 3 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար էլ նույնքան՝ 3 ամիս ժամկետով ազատազրկման: Այսինքն, վերջնական պատիժ էր սահմանել կես տարի ժամկետով ազատազրկումը:

Հաղորդում տված տիկնոջ նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը: Տիկինը համաձայն չէ ազատազրկման պատժի հետ եւ բողոքարկում է այն վերաքննիչ քրեական դատարանում:

Նկատենք, որ ոստիկանության բաժին էր նա դիմել ենթադրյալ հանցագործությունից, չգիտես ինչու, երեք տարի հետո: Նա նախազգուշացվել էր սուտ մատնության համար, որն, ի դեպ, նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով: Նա սուտ մատնություն էր կատարել ոչ միայն ոստիկանության աշխատակցի նկատմամբ, այլ ամուսնու, որ իբր «վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, ինչպես նաեւ դանակը նետել իր ուղղությամբ, որը դիպել է ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Այսուհանդերձ, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հիմքով:.
Ամբաստանյալը համաձայն է եղել մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Առաջին ատյանի դատարանն ապացուցված է համարել Գ. Ս.-ի կողմից «հանրորեն վտանգավոր արարքներ կատարելը», վճռել էր, որ տիկինն իր կատարած արարքների համար ենթակա է քրեական պատասխանատվության եւ պատժի:
Տիկինը դատարան էր ներկայացրել համայնքի ղեկավարի կողմից տրված դրական բնութագիրը, նաեւ գրություններ այն մասին, որ իր խնամքին են գտնվում մինչեւ 14 տարեկան հինգ երեխաներ:

Ի դեպ, այս տիկնոջ գործով երեք տարի առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր դատավճիռ, որն ուժի մեջ էր մտել հրապարակման պահից: Նրան այդ ժամանակ դատարանը երկու տարվա ազատազրկման էր դատապարտել, սակայն պայմանականորեն այն չէր կիրառել: Պայմանական ժամանակահատվածում տիկինը երկրորդ կեղծ հայտարարություն էր տվել:
Ու միայն այս հանգամանքը հաշվի առնելով՝ առաջին ատյանի դատարանը չպետք է գնար արագացված դատական գործընթացին: Չէ՞ որ պարզ կդառնար, որ երկու տարի առաջ էլ նա հայտնել էր դատարանում, թե «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է մի քանի տղամարդկանց հետ, որոնց թվում իրավապահ մարմինների աշխատակից, «մեծ ու ազդեցիկ շրջապատ ունեցող» ոմն Ա.-ի հետ. «Համացանցային կապի մեջ գտնվողներից երեքի հետ հետագայում ստեղծվել է նաեւ հեռախոսակապ, սակայն նրանցից ոչ մեկի հետ երբեւէ չի հանդիպել եւ իր ով լինելը չի հայտնել»։ Սակայն մեկին հայտնել էր՝ հարեւանուհուն, որը սիրային կապերի մեջ էր գտնվել իր ամուսնու հետ:

Հարեւանուհին կնոջ համացանցային կապերի մասին հայտնել էր ամուսնուն, վերջինն էլ զանգել էր անծանոթ հեռախոսահամարներին, ճշտել բաժանորդների ով լինելը, խոսել է նրանց հետ։ Խանդի, կասկածամտության հողի վրա նրանք վիճաբանել են, եւ Գ. Ս-ն գնացել է հոր տուն: Հետագայում ամուսնուն կանչում են ոստիկանություն, բջջային հեռախոսների գողության հետ կապված, իսկ նա էլ կնոջն է հարցնում, թե որտեղից են ոստիկաններն իրեն ճանաչում, որտեղից գիտեն իր անունը:

Գ. Ս.-ն ամուսնուն «փրկելու» նպատակով, իր ասելով, հորինել էր վերոհիշյալ պատմությունը, «ցանկացել է իրեն ներկայացնել որպես ոստիկանների անօրինական գործողությունների զոհ՝ այդ կերպ փորձելով պահպանել քայքայման եզրին գտնվող իր ընտանիքը»։ Ամուսինը Գ. Ս.-ին չի հավատացել, իսկ նա էլ իր խոսքերին արժանահավատություն հաղորդելու, ամուսնուն ապացուցելու նպատակով դիմում-բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին:

Նա դիմել էր նաեւ հեռուստաընկերություններից մեկին, հրապարակայնորեն կրկնել հորինածը:

Ի դեպ, «երկրորդ» դատարանն անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածին, որը չի նախատեսում պայմանական դատապարտումը վերացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվում է, որ այդ անձը մեղավոր է նաեւ մեկ այլ հանցանքի համար, մեկ այլ քրեական գործով, որը կատարել է նախքան առաջին գործով կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում, Գ. Ս.-ի կողմից չեն խախտվել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու օրենսգրքով սահմանված պայմանները:

Ամբաստանյալ Գ. Ս.-ի նկատմամբ դատարանն ինքնուրույն պատիժ է սահմանել առանց ՀՀ քրեական օրենսգրքի պահանջների կիրառման, ինչը ենթադրում է, որ առաջին եւ երկրորդ դատավճիռները պետք է կատարվեն առանձին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

10.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930