Հունիսի 12-ին հայտնի են դարձել ֆիզիկա քննության նախնական արդյունքները: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը, ֆիզիկայի քննությանը մասնակցել է 1488 դիմորդ, միջին միավորը 12,4 է, անբավարար է ստացել քննության մասնակիցների 21 %-ը:
«Ավանդաբար Ֆիզիկա առարկայի քննությունից անբավարար ստացածների թիվը մեծ է լինում, որովհետեւ դիմում են նաեւ Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայի եւ Մոնթե Մելքոնյանի դիմորդները, մեր զինվորները, որոնք այնքան էլ պատրաստված չեն լինում: Առավելագույն 20 միավոր ստացել է 28 հոգի…Ֆիզիկայի քննությունը տեսակով բացառիկ է, այնտեղ եւ թեքումով դպրոցների երեխաներ են լինում, եւ սովորական դիմորդներ, դրա համար շատ են լինում եւ «կտրվածները», եւ բարձր արդյունք ստացած դիմորդները»,-նշեց ԳԹԿ տնօրենը:
Նրա խոսքով այս տարվա ֆիզիկայի քննության արդյունքները նախորդ տարվանից էականորեն չեն տարբերվում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ