Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր լեգենդը վերջերս է վերադարձել համերգային շրջագայությունից

Հունիս 12,2017 14:30

Ջիվան Գասպարյանի ծննդյան հոբելյանին ընդառաջ

Ջիվան Գասպարյան լեգենդին աշխարհին հատուկ ներկայացնելու հարկ չկա։ 1988թ. սկսվեց դուդուկահարի երաժշտական միջազգային գործունեությունը։ Հիշեցնենք, որ նույն թվականին Բրայան Ինոն Մոսկվայում լսելով վարպետի նվագը՝ նրան հրավիրեց Լոնդոն։ Փիթեր Գաբրիելը հայ դուդուկահարի կատարումն օգտագործեց Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում։ Հետո սկսվեց երաժշտի համագործակցությունը «Քրոնոս» քառյակի, Լոս Անջելեսի նվագախմբի հետ եւ այլն։ Ջիվան Գասպարյանի նվագը հնչեց համաշխարհային կինոարվեստի այնպիսի նմուշներում, ինչպիսիք են «Ռոնին», «Գլադիատոր», «Օնեգին», «Արյունոտ ադամանդ», «Սիրանա» եւ այլ ֆիլմերում։ Եթե չենք սխալվում, 2000-ականների սկզբին էր, որ հայ արվեստագետը ներկայացվեց «Գրեմմի»-ի մրցանակի։

2018թ. Ջիվան Գասպարյանի համար հոբելյանական է։ Նա կդառնա 90 տարեկան։ Եվ մինչ նրա արվեստի երկրպագուները կարոտում են վարպետի բարձրարվեստ կատարումները, ցանկանում հաճախ տեսնել հայաստանյան բեմերում, պարզվում է, որ մեր լեգենդը հայրենիքում չէ, այլ տեւական ժամանակահատված ներկայանում է արտասահմանցի հանդիսատեսին։ Այս տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց վարպետը՝ մանրամասնելով. «Վերջերս եմ վերադարձել Արեւմուտք կատարած երկարատեւ համերգային շրջագայություններից՝ Լոս Անջելես, Լոնդոն, Համբուրգ, Փարիզ, հետո, բնականաբար, տուն եկա՝ Երեւան։ Պարզվեց, որ մի քանի օր հետո պետք է մեկնեմ Ղազախստան։ Այնտեղ էլ համերգ ունեցա, ու ինչպես տեսնում եք, հիմա դարձյալ տանն եմ՝ իմ Երեւանում»։ Հարցին, թե ո՞վ է համերգային շրջագայությունների կոորդինացնողը, մեր զրուցակիցը պատասխանեց. «1990-ականների սկզբներից այդ հարցերով զբաղվում է անգլիացի մենեջերս»։ Հետաքրքրությանը, թե՝ իսկ խորհրդային տարիներին վարպետը կոորդինացնողի պահանջ զգացե՞լ է, ստացանք հետեւյալ հակիրճ պատասխանը. «Դժվարություններ չասեմ, բայց ձգձգումներ եղել են, իսկ պրոֆեսիոնալ արտիստին մենեջերը անհրաժեշտ է մի նպատակով, որ այդ աշխատանքն էլ լինի պրոֆեսիոնալ հարթության վրա»։

Դիտարկմանը, թե՝ մենք էլ ենք կարոտում իր նվագին, երաժիշտն ասաց. «Իմ տանը ¥նկատի ունի հայրենիքը), նույնիսկ արտասահմանյան երկրներում էլ այդ կարոտը կարելի է փարատել ձայնագրությունների, CD-ների օգնությամբ։ Այս պահին ստույգ չեմ կարող քանակը հիշել, բայց թողարկել եմ, հավանաբար, երեք տասնյակի հասնող CD, ավելի քան 1000 ձայնագրություն ունեմ ռադիոյի ֆոնդում, էլ չեմ խոսում տեսահոլովակներիս մասին»։
Զրույցի ընթացքում վարպետը հիշեց իր կարիերայի սկիզբը, մտաբերեց, որ 1947թ. Մոսկվայում կայացած համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց, ասաց նաեւ, թե 1949 թ. սկսվել է մենակատարի իր գործունեությունը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում։ Հիշեց նաեւ 1959թ. իր առաջին ոսկե մեդալը չորրորդ միջազգային փառատոնում, որն անցկացվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ։ Ասաց, որ ներկայումս պատրաստում է նոր համերգային ծրագիր։

Վարպետը տեղեկացրեց, թե աշնանը կկայանա կրտսեր Ջիվան Գասպարյանի առաջին հայաստանյան մենահամերգը, ժպիտով էլ հավելեց. «Ի՜նչ բախտավորություն է, թոռանս հետ արդեն 15 տարի բեմում եմ…»։

Ինչպե՞ս է պատկերացնում հաջորդ տարի իր հոբելյանը նշելու ձեւաչափը հարցին, երաժիշտը հիշեցրեց, թե ի՜նչ մեծ շուքով է նշվել 80-ամյակը. «Ժամանել էին մեծանուն շա՜տ երաժիշտներ՝ Փիթեր Գաբրիելից մինչեւ… Բայց դա իմ որոշելիքը չէ։ Ունենք մշակույթի նախարար…»։

Ինչ վերաբերում է հոբելյաններ նշելուն, մեր անվանի արտիստներն իրենց մոտեցումներն ունեն այդ հարցում, օրինակ, ասում են՝ Կարպ Խաչվանքյանը մշտապես հրաժարվել է հոբելյանական երեկոներ կազմակերպելուց։ Իսկ Վարդան Աճեմյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Սվետլանա Գրիգորյանը եւ մյուսները ¥բոլորին չես թվարկի) չեն «խառնվել» հոբելյանական երեկոների սցենարներին։ Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը ժամանակին դարձյալ հոբելյաններ նշելու առիթով մեզ հայտնել էր հետեւյալը. «Գոհար Գասպարյանի 60-ամյակը նշվում էր ե՛ւ Երեանում, ե՛ւ Մոսկվայում։ Ինչո՞ւ Մոսկվայում, որովհետեւ երգչուհին առաջինն էր, որ արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Երեւանյան երեկոյից առաջ Գոհարն ինձ ասաց. «Սերգո ջան, ինձ փոխանցեցին, որ հայտագրում գրված են բոլոր իմ տիտղոսները, դուն խելոք մարդ ես, անոնք ապուշ են, ի՞նչ կարիք կա հազար տիտղոս շարելը, գնա ու վերացրու դրանք…»։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները։

«Առավոտ»

10.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930