Մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ գիշերները ինձ չայցելեք, ես տանը չեմ լինում, երազներիս թեւերով գնում եմ տիեզերք շրջելու։
Այս գիշեր տեսեք ի՞նչ պատահեց։ Անհայտ մոլորակից մի քաղաքական հանցավոր փախավ եւ հարեւան մոլորակում ապաստան խնդրեց։ Տվին։ Տվին, բայց ասացին.
– Մեր մոլորակում բոլորն են աշխատում, ի՞նչ մասնագիտություն ունես։
– Հեղափոխական եմ, – ասաց։
– Հեղափոխությունը արհեստ չէ, ուրիշ բան ասա։
– Ուրիշ ոչինչ չգիտեմ։
– Դերձակություն, կոշկակարություն, կամ հին կոշիկներ կարկատել։
– Ասացի, որ ոչինչ չգիտեմ, – ասաց փախստականը։
Սրա վրա ժողովի նստան մոլորակցիները, որպեսզի որոշեն, թե ի՞նչ գործ տան այս ոչինչ չիմացողին։ Մեկն այս ասաց, մյուսը՝ մի այլ բան, բայց չանցավ ոչինչ, ու բոլորը մնացել էին շվարած։
Հանկարծ մեկն ասաց.
– Եկեք թագավոր դնենք մեր գլխին։
Բոլորը պաշտոնը համարեցին հարմար ու առաջարկեցին եկվորին թագավորել իրենց։ Իսկ երբ վերջինս կամեցավ իր ֆունկցիաների հետ ծանոթանալ, ասացին.
– Ոչինչ չես անի, կուտես -կխմես եւ ման կգաս։
– Իսկ կի՞ն։
– Անսահմանափակ կարող ես օգտվել։
– Իսկ ծա՞փ։
– Մի մտածիր։ Ինչ խոսես՝ կծափահարվես։
– Երբ լռե՞մ։
– Լռությունդ էլ կծափահարվի։ Բացարձակ լռել չես կարող, իհարկե։ Ամենալուռ մարդն էլ իր անձնական կարիքների համար զանազան ձայներ կհանի։ Օրինակ՝ կհազա, կփռնքտա, կզկռտա եւ մասամբ նորին։ Ասում ենք էլի՝ քեզանից դուրս ելած բոլոր ձայները ծափահարության ենթակա են։
– Եղա՜վ, – ասաց փախստականը ու գահ բարձրացավ։
Մոլորակի բնակիչներն այս մեկին լավ տեղավորեցին, բայց երկրորդ փախստականից ազատվելու համար մոլորակի դուռը փակեցին եւ որոշեցին խնդրել հարեւան մոլորակին, որ եթե իրենց դուռը ծեծեն՝ ասեն, որ տանը մարդ չկա։
1964թ.
«Առավոտ»
10.06.2017