Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստանդարտ Դիալոգ». Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, փորձում է ստեղծել սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա

Հունիս 12,2017 11:14

Բաց նամակ ՀՀ Նախագահ Պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո ՛ Նախագահ,

Սույն թվականի հունիսի մեկին, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ լաբորատորիաների վատ գործունեության հետևանքով բարձրանում են պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը:

Վարչապետն իր խոսքում նշել էր նաև` «Շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեր չինովնիկն իրան չափազանց կարևոր չզգա, մենք լաբորատորիաները լիբերալիզացրել ենք, որպեսզի բիզնես անող մարդկանց հնարավորություն տանք, մյուս կողմից մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևիցե երկրում դա մեր վարկանիշը չի գցում, ստեղ վտանգ կա, հատուկ հսկողության տակ կդնեք, որ լաբորատորիաներում աժիոտաժ չառաջացնենք ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»։

Մեծարգո ՛ Նախագահ, մինչդեռ նույն չինովնիկների և պետական վատ վերահսկողության արդյունքում լաբորատորիաները հայտնվել են անելանելի իրավիճակում, իսկ կառավարությունը գրեթե անպատասխան է թողնում պրոբլեմի հետ կապ ունեցող ցանկացած հարցադրում և առաջարկություն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ձևավորման և համապատասխան իրավական դաշտի մշակման ողջ ընթացքում չէին վերահսկվում ոչ պարենային ապրանքները, ինչի հետևանքով էականորեն նվազեցին ոչ պարենային ապրանքների փորձաքննության պատվերները: Լաբորատորիաները կարողանում էին գործունեություն ծավալել ի հաշիվ սննդամթերքի փորձաքննության պատվերների: Սակայն, ավելի քան երեք ամիս, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողից ապօրինաբար բոլոր պատվերներն ուղղորդվում են նույն ծառայության ենթակայությամբ գործող լաբորատորիա: Մինչդեռ նախորդ տարի Վարչապետը հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին քննարկել լաբորատորիան սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայությունից դուրս բերելու հարցը: Լաբորատորիան ոչ միայն մնաց ծառայության կազմում, այլև այնտեղ ուղղորդվեցին ֆինանսական բոլոր հոսքերը, որոնք, ի դեպ, օգտագործվում են հիմնականում ոչ թե համակարգի զարգացման և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման, այլ ճոխությունների վրա` նոր ծառայողական մեքենա, ժամանց և այլն: Չնայած պետությունը հոգում է լաբորատորիայի գրեթե բոլոր ծախսերը` աշխատակիցների աշխատավարձեր, շենքի պահպանման ծախսեր, սարքավորումներ, այնուամենայնիվ ստեղծված արդեն իսկ անհավասար բիզնես պայմաններում մասնավոր հատվածը գրագետ կառավարման արդյունքում կարողացել էր արձանագրել ավելի լավ արդյունքներ` միջազգային եվրոպական հավատարմագրում, առանց վերապահման ազգային հավատարմագրում և այլն:

Այժմ էլ մասնավորը զրկվել է ֆինանսական հնարավոր մուտքերից, անգամ ՍԱՊԾ-ի կողմից պատվիրված նախկին փորձաքննությունների գումարները չէին վճարվում և վճարվել են միայն դատարանի կարգադրությամբ:

Մեծարգո՛ Նախագահ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, փորձում է ստեղծել սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա: Իր ենթակայությամբ գործող լաբորատորիային մենաշնորհային դիրքով ապահովելու համար, նախ փորձաքննության հնարավորությունից ապօրինաբար փորձեց զրկել Երևանում գործող բոլոր անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող լաբորատորիաներին, իսկ այժմ, երբ գիտակցեց, որ օրենքի շրջանակներում չի կարողանում ապահովել իր լաբորատորիայի մենաշնորհային դիրքը` փորձում է նպատակին հասնել մյուս լաբորատորիաների սնանկացման հաշվին:

Մեծարգո՛ Նախագահ, պարենի անվտանգության հնարավոր փրկության միակ հույսը Դուք եք, քանզի ինչպես արդեն նշվեց, կառավարությունը գրեթե անպատասխան է թողնում գրություններն ու առաջարկությունները:

Խնդրում ենք Ձեր խիստ հանձնարականը պայքարելու այս ապօրինությունների դեմ:

Հարգանքով՝

«Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930